Saturday, April 2, 2011

Վաշինգտոնը Հրանտ Դինքի սպանությունից առաջ զգուշացրել էր Անկարային. Wikileaks

Tert.am. 1-4-2011- Վաշինգտոնն իր դիվանագետների միջոցով «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, Տրապիզոնում կաթոլիկ վանական Սանտորոյի սպանություններից և Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատանը տեղի ունեցած սպանդից առաջ զգուշացրել էր Անկարային Թուրքիայում ահագնացող հակաքրիստոնեական տրամադրությունների առնչությամբ։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթը՝ վկայակոչելով «Թարաֆ» (Taraf) պարբերականում հրապարակված Wikileaks–ի փաստաթղթերը։
«2005թ. մարտի 11-ին Թուրքիայի Կրոնի հարցերով վարչությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում տեղ էր գտել «մեր երեխաների հավատքը գողանում են» արտահայտությունը։ Այդ տողերը թիրախ էին դարձնում քրիստոնյա միսիոներներին, ինչի առնչությամբ ամերիկացի դիվանագետները Թուրքիայի իշխանություններին և կրոնի հարցերով վարչությանը կոչ էին արել փոփոխություն մտցնել այդ հայտարարությունում»,– գրում է «Հյուրրիյեթը»՝ ավելացնելով. «Մալաթիայի քրիստոնյա համայնքը Միացյալ Նահագների ուշադրության կենտրոնում էր։ Ամերիկացի դիվանագետները «Զիրվե» հրատարակչատան սպանդից 18 ամիս առաջ հանդիպել էին այդ ոճրագործության ենթադրյալ կազմակերպիչ և հետախուզության ներկյացուցիչ Հուսեին Եքլիի հետ»։

Հիշեցնենք, որ 2007 թվականի ապրիլին 5 թուրք երիտասարդներ ներխուժել էին Մալաթիայի քրիստոնեական գրականություն հրատարակող «Զիրվե» հրատարակչատուն և առանձնակի դաժանությամբ սպանել հրատարակչատան աշխատակիցներ Գերմանիայի քաղաքացի Թիլման Էքհարթ Գեսկեին ու Թուրքիայի քաղաքացիներ Նեջաթի Այդընին և Ուղուր Յուքսելին:

No comments: