Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում փորձել է “բացահայտել” Մարտի 1-ի որոշ մանրամասներ, ես չեմ անդրադառնա հարցազրույցի երկրորդ մասին /դրանք թողնելով քաղաքական վերլուծաբաններին/, սակայն պարբերություն առ պարբերություն կանդրադառնամ Քոչարյանի հայտնած մտքերին, հետագա եզրակացությունները թողնելով ընթերցողին:-Պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ էին ձեռնտու “մարտի 1-ի” ողբերգական իրադարձությունները, Քոչարյանը հետևյալ կերպ է մեկնաբանում. դրանք ձեռնտու էին նրանց, ովքեր այսօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները, բայց հաստատ ոչ իշխանություններին` թե ներկայիս, թե նախորդ:
-Իհարկե, Մարտի 1-ը շահարկողներ կան, սակայն պարզից էլ պարզ է, որ միայն Մարտի 1-ով իշխանությունները կարողացան մնալ իշխանության գլխին, ու եթե չլիներ արտակարգ դրության հաստատումը, դժվար չէ եզրակացնել, թե ինչպիսի վճիռ կկայացներ Սահմանադրական դատարանը 2008 թվականի Մարտի 4-ին, ու այս պարագայում Մարտի մեկը ձեռնտու էր միայն ու միայն գործող իշխանություններին, իսկ Ռ. Քոչարյանին ,բացի հոկտեմբեր 27-ի ու բազում այլ հանցագործությունների չբացահայտվելուց, Մարտի 1-ը հնարավորություն տվեց պահպանել իր ունեցվածքը, որը որոշ վերլուծաբանների գնահատականներով հասնում է 4 միլիարդ դոլլարի: Էլ չենք խոսում որոշ վերլուծաբանների արտահայտած այն հնարավորության մասին, որ 2008 թ-ի ընտրություններից հետո Ռ. Քոչարյանը պատրաստվում էր ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը Մեդվեդև-Պուտին տարբերակով, սակայն ընդդիմության և միջազգային կառույցների ճնշման տակ չկարողացավ հասնել դրան:
-Պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը եւ պատրաստվում է գրավել նախագահական պալատը:- Ռ.Ք
-Նախ Ռ. Քոչարյանը չի պարզաբանում, թե ով է պարտված թեկնածուն, որովհետև թեկնածուներից ոչ ոք չի հայտարարել որ պատրաստվում է գրավել նախագահական պալատը, դրա համար էլ կարելի է ենթադրել, որ “պարտված թեկնածուն” Ռ. Քոչարյանի տեսակետից Սերժ Սարգսյանն է, որովհետեւ միայն վերջինս պարտված թեկնածու լինելով, ՀՀ զինված ուժերի օժանդակությամբ և Սահմանադրությունը խախտելով դիմեց այդ քայլին:
-Երեւանում արտակարգ դրություն մտցվեց այն ժամանակ, երբ արդեն տասնյակ մեքենաներ էին այրվել կամ թալանվել, երբ ամբոխը ջարդուփշուր էր անում շուրջբոլորը եւ երբ հայտնվեցին առաջին զոհերն ու վիրավորները ոստիկանների ու քաղաքացիների շրջանում:- Ռ.Ք.
-Այդ ինչ ի նկատի ունի Ռ.Քոչարյանը “շուրջբոլորն” ասելով, երբ ցուցարարների կառուցած բարիկադների ներսում` Մյասնիկյանի արձանի շրջակայքում, որևէ խանութ չի թալանվել, ու որևէ ավտոմեքենա չի այրվել և նույնիսկ քաղաքացիներին վրաերթի ենթարկած ոստիկանական Վիլիս ավտոմեքենան այրվել է բարիկադներից այն կողմ: Էլ չեմ խոսում ցուցարարներից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ԲՄՎ ավտոսրահի, խմիչքի, ոսկու խանութների, դեղատների և այլ տեսակների խանութների մասին, որոնք լինելով ամենաանպաշտպանը, այդպես էլ “չթալանված” մնացին:
Կապված զոհերի ու վիրավորների հետ. Նախ, միայն Մարտի 1-ի առավոտյան և ցերեկը քաղաքացիների շրջանում կային հարյուրավոր վիրավորներ, իսկ զոհերի մասին մինչ այժմ որևէ ճշգրիտ տեղեկություն չկա, այնպես որ մինչև “ջարդուփշուրը” Ազատության հրապարակում և Երևանի կենտրոնում ոստիկանների գործողությունների արդյունքում արդեն ունեինք հարյուրավոր վիրավորներ:
-Իրավիճակը կտրուկ լարվեց այն ժամանակ, երբ այդ նպատակին հասնելու համար ընդդիմությունը գնաց հակաօրինական քայլերի: - Ռ.Ք.
-Ինչ նպատակի մասին է խոսում Ռ. Քոչարյանը, երբ 10 օր անընդմեջ ընդդիմությունը շուրջօրյա խաղաղ ցույցեր էր անցկացնում, ու որևէ մի անօրինականություն տեղի չէր ունեցել, իսկ բուն մարտի մեկին, մինչև ընդդիմության առաջնորդների տուն գնալու կոչը, ցուցարարները հանգիստ կանգնած էին Մյասնիկյանի արձանի մոտ ու որևէ գործողության չէին դիմում ու կոչեր էին անում հանդարտության ու զերծ մնալ սադրանքներից:
-Արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի:- Ռ.Ք.
-Այս հարցով ընդդիմությունը մի քանի անգամ խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանին, որ վերջինս դիմի Սահմանադրական դատարան, սակայն մի քանի անգամն էլ տարբեր պատճառաբանություններով մերժվել է նշված խնդրանքը, որի ուսումնասիրությունից բոլորին պարզ կդառնար, որ ՀՀ սահմանադրությունը այդպիսի լիազորություն երկրի նախագահին չի տալիս:
-Կարծում եմ, որ այդ միջոցին պետք էր ավելի վաղ դիմել, գուցեեւ հնարավոր լիներ խուսափել զոհերից:- Ռ.Ք
-Այս հատվածում Ռ. Քոչարյանը փաստորեն խոստովանում է, որ հնարավորություն ուներ խուսափելու զոհերից, սակայն չի օգտագործել այդ հնարավորությունը:
-Նախագահն անձամբ չի ղեկավարում փողոցներում կարգուկանոնի վերականգնման գործընթացը: - Ռ.Ք.
-Փաստորեն “անձամբ չի վերահսկում, սակայն միջնորդավորված վերահսկում է”:
-Դա անում են համապատասխան գործադիր մարմինները` գործող օրենքների շրջանակներում: - Ռ.Ք.
-Փաստորեն օլիգարխների թիկնազորն ու մինչև արտակարգ դրությունը քաղաքում զինված ուժերի ներգրավումը դա գործադիր իշխանության գործառույթն է, որով էլ այս խմբերի առկայության պատասխանատվությունը Քոչարյանը գցում է Գործադիրի ղեկավար, նույն ինքը վարչապետ Սերժ Սարգսյանի վրա:
-Ամբողջ աշխարհում է այդպես: - Ռ.Ք.
-Հա, երևի ամբողջ աշխարհ ասելով Քոչարյանն ի նկատի ունի Լիբիան, Սիրիան, Եգիպտոսը, Բելառուսը, Եմենը…
-“Մարտի 1-ի” գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմի մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով: - Ռ.Ք
-Շատ ճիշտ հարցադրում է անում Քոչարյանը ու այս հանգամանքը բացահայտելով բոլոր հարցերի պատասխաններն էլ կգտնվեն, այդ թվում սպանության հրաման տվողների անունները:
-Եվ խնդիրն այն է, որ հետաքննությանը չի հաջողվում բացահայտել մարդկանց մահվան բոլոր հանգամանքները` կոնկրետ անձերին պատասխանատվության կանչելու կամ ինքնապաշտպանության շարժառիթներով նրանց արդարացնելու համար: - Ռ.Ք
-Այս մասում Քոչարյանը փորձում է հասկացնել, որ Ոստիկանության ուժերը, ՊՆ զորքերը ու օլիգարխների թիկնազորերը պարզապես ինքնապաշտպանվել են:
-Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: - Ռ.Ք.
-Սրանով Քոչարյանը խոստովանում է, որ ոչ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ինքն է տվել /Չերյոմուխաներ, գազային նռնակներ, Զարյաներ../, իսկ ահա մարտականով` ոչ:
-Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որեւէ փաստ հայտնի չէ: - Ռ.Ք.
-Ինչի վերաբերյալ փաստ հայտնի չէ, մարտական զենք օգտագործելո՞ւ, թե հրաման տալու վերաբերյալ:
-Ակներեւ է, որ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում եւ խանութներ էին թալանում: Ռ.Ք.
-Նախ, Համլետ Թադևոսյանի սպանության նույն վայրում, մի քանի մետր հեռավորության վրա սպանվել են Գոռ Քլոյանը, Սամվել Հարությունյանը և Հովհաննես Հովհաննիսյանը /ըստ քրեական գործի նյութերի/ ու այդ ինչպես եղավ, որ ներքին զորքերի կապիտանը նույն վայրում մահանալով` զգալի հեռավորության վրա է գտնվել մեքենաների և խանութների թալանից, իսկ մնացած սպանվածները` մոտ: Ի դեպ, մեքենաների հիմնական մասն այրվել է հենց Համլետ Թադևոսյանի մահացած վայրում:
-Այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները: Ռ.Ք.
-Այդ դեպքում ինչ էին անում նշված վայրում գտնվող ոստիկանները, որ չէին վերահսկում իրավիճակը, կամ այդ դեպքում ինչու դատապարտվեցին ընդդիմության ներկայացուցիչները իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
-Ես չգիտեմ, թե վերջին երեք տարում հետաքննությունն ինչքանով է առաջ շարժվել, բայց ենթադրում եմ, որ հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն դժվարացնում է քննչական մարմինների աշխատանքը, առավել եւս, որ քաղաքի այդ մասում դիտարկման խցիկներ գրեթե չեն եղել` իրադարձությունների պատկերի հետագա վերականգման համար: Ռ.Ք.
-Երևի Քոչարյանը չգիտի, որ հենց իր նշած վայրը տեսաձայնագրվել են տասնյակ տեսախցիկներից, դեռ ավելին, թալանված բոլոր խանութները, ինչպես ներսից, այնպես էլ դրսից տեսագրվել են, ու թալանի ամբողջ պրոցեսը տեսագրված գտնվում է քննչական մարմինների ձեռքում: Միայն Ռոբերտո խանութում տեղադրված է եղել 16 տեսախցիկ, իսկ Երևան Սիթի խանությում` 10 տեսախցիկ, ու բոլոր այդ ձայնագրություններն առգրավվել են քննչական մարմինների կողմից: Չենք խոսում նաև հարյուրավոր ականատեսների մասին, ինչպես քաղաքացիական անձիք /նաև շենքերի պատուհաններից նայող ու տեսագրող/, այնպես էլ տարածքում գտնվող հարյուրավոր ոստիկանների մասին, որոնց աչքի առաջ էլ տեղի է ունեցել և խանութների թալանը, և սպանությունները:
-Բոլոր 8 քաղաքացիական անձիք հասարակ մարդիկ էին, որոնք որեւէ կերպ չէին դրսեւորել իրենց քաղաքականության մեջ: Ռ.Ք.
-Չգիտեմ, Քոչարյանը ինչ է հասկանում հասարակ մարդ ասելով, սակայն զոհերից մի քանիսը ընտրությունների ժամանակ եղել են վստահված անձիք, իսկ մի քանիսն էլ մասնակցել են շուրջօրյա հանրահավաքներին:
-Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ռ.Ք.
-Ճշտենք, որ զոհերից երկուսը սպանվել են Մակարով տեսակի ատրճանակից /Դավիթ Պետրոսյան, Զաքար Հովհաննիսյան/, որը, ինչպես գիտենք, գործածում են ոստիկանները, մեկը ԱԿՍ տեսակի ավտոմատի կրակոցից /Հովհաննես Հովհաննիսյան/, իսկ մեկն էլ դիպուկահարի կրակոցից /Գրիգոր Գևորգյան/, իսկ Սամվել Հարությունյանի մահն էլ սկզբում ներկայացվել է որպես գլխի մասում հրազենից ստացած վնասվածք, իսկ հետո վերաորակվել է բութ գործիքից ստացած վնասվածք, իսկ Ս. Հարությունյանի հայրն էլ պնդում է, որ որդուն սպանել են ոստիկանները, պատի տակ, վերջինիս ձերբակալելուց հետո:
-Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն` իշխանություններին վարկաբեկելու նպատակով: Ռ.Ք.
-Արդյոք այս հատվածում Քոչարյանը ուղղակի չի ակնարկում օլիգարխներին կամ Արցախից բերված զինվորականներին:
-Այն հանգամանքը, որ ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից եւ ոչ մեկը որեւէ կերպ ֆիզիկապես չի տուժել, խոսում է այն մասին, որ ընդդիմադիր շարժման “գլխատմանն” ուղղված որեւէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել: Ռ.Ք
-Այս հարցի հետ կապված պարզապես թվարկենք Մարտի 1-ին ֆիզիկապես տուժած ակնառու ներկայացուցիչների անունները, որոնք տարբեր տեսակի մարմնական վնասվածքներով հետագայում հայտնվեցին բանտերում` Մուշեղ Սաղաթելյան, Արամ Բարեղամյան, Դավիթ Առաքելյան, Վահագն Հայոցյան, Սամսոն Խաչատրյան, Իսահակ Մալխասյան, Սամվել Հարությունյան, Դավիթ Մաթևոսյան, Աշոտ Մանուկյան, Գագիկ Շամշյան, Հայկ Գևորգյան, …ու տասնյակ այլ հայտնի քաղաքական դեմքեր:
-Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին: Ռ.Ք
-Ամոթ չլինի հարցնել, թե ՀՀՇ իշխանության օրոք ով էր Ռոբերտ Քոչարյանը, կամ ՀՀՇ իշխանության հեռացումից հետո այդ ինչու էր կոծկում այդ բոլոր “հանցագործությունները”, կամ ինչու չէր դրանք բացահայտում ՀՀՇ “իրական դեմքը” պատռելու համար: Այս հատվածում Քոչարյանը իր վրա է վերցնում առնվազն մի քանի քրեական հոդված` “հանցագործության մասին իմանալ չհայտնել”, “հանցագործությունը պարտակել”, “պաշտոնական դիրքի չարաշահում”, “զրպարտություն”…
-Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից: Ռ.Ք
-Այստեղ էլ առաջ է գալիս մեկ այլ հարց, բա ինչու ընդդիմության առաջնորդին ենթարկեցիք տնային կալանքի, կամ ստիպում էիք հրաժարվել անվտանգությունից` միաժամանակ իմանալով, որ նրա անվտանգության ծառայությունը նման իրավունք չունի: Կամ ինչու ընդհատվեցին միջազգային կառույցների կողմից սկսված իշխանություն-ընդդիմություն բանակցությունները Տեր-Պետրոսյանի Մյասնիկյանի արձանի մոտ գնալու հետ կապված:
-Այնպես որ, “սլաքները” թեքելու տեղ չկա, ինչքան էլ որ չլարվեն նրանք, ում հանգիստ չի տալիս իմ “քաղաքական գործոնը”: Ռ.Ք
-Իհարկե, ինչքան էլ սլաքները թեքում ես, միևնույն է, սլաքի ծայրը շրջվում ու ուղղվում է Ռոբերտ Քոչարյանի վրա ու դա տեսանելի է դառնում անզեն աչքով:
ԱՌԱՔԵԼ ՍԵՄԻՐՋՅԱՆՄարտի1 Հասարակական կազմակերպության համակարգող
No comments:
Post a Comment