Wednesday, May 11, 2011

Շտեֆան Ֆյուլե. Թուրքիան պետք է բարեփոխի մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունը

News.am. 11-5-2011- Թուրքիան պետք է փոփոխի իր Քրեական օրենսգիրքը եւ հակաահաբեկչական օրենսդրությունը` ԶԼՄ-ների եւ ինքնարտահայտման ազատության նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում:
Նա մասնավորապես ասել է. «Ակնհայտ է, որ խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությունը Կոպենհագենյան քաղաքական չափորոշիչների կարեւոր բաղադիչ են: Մեր վերջին զեկույցում մենք այդ ոլորտում առաջընթացի բացակայություն ենք արձանագրել:
Ի դեպ, ես հենց նոր լսեցի Թուրքիայիում մուտքը դեպի համացանց սահմանափակելու վերաբերյալ քննարկումների մասին: Դա անհանգստացնում է:
Կան նաեւ այլ անբարենպաստ փաստեր. ես նկատի ունեմ թուրք լրագրողների դեմ բավականին մեծ թվով դատական գործերի առկայությունը: Դա տագնապալի երեւույթ է:
Թափանցիկություն չկա նաեւ այն հարցում, թե լրագրողին ինչ ապացույցների հիման վրա են պահում կալանքի տակ: Բացի այդ, եղել է նաեւ դեռեւս չհրատարակված գրքի առգրավման դեպք:
Սրանք բոլորը տագնապալի փաստեր են: Մենք թուրքական իշխանություններին կոչ ենք անում երաշխավորել, որ կարվի ամեն ինչ` լուծելու համար լրագրողների դեմ մեծ թվով գործերի հարուցման խնդիրը»,-նշել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:

No comments: