«ԱԶԳ», 12-05-2011- Ֆրանսիայի միջերկրածովյան Կանն քաղաքի Կինոպալատում մայիսի 11-ին 64-րդ անգամ բացվեց ամենամյա միջազգային կինոփառատոնը, որը կավարտվի մայիսի 22-ին: Նախատեսված է ցուցադրել 86 լիամետրաժ ֆիլմ, որոնցից 54-ը ընդգրկված են ցուցադրության պաշտոնական ծրագրում եւ կպայքարեն փառատոնի մրցանակների եւ առաջին հերթին «Արմավենու ոսկե ճյուղի» համար:Գլխավոր մրցույթի ժյուրին գլխավորում է իտալական ծագումով ամերիկյան նշանավոր դերասան, բեմադրիչ եւ պրոդյուսեր Ռոբերտ դե Նիրոն: Նա անվիճարկելի մեծություն է 20-րդ դարի կինոարվեստում եւ ինքը երկու անգամ (1976 թ. եւ 1986 թ.) արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին, հիշեցնում է «Ֆիգարո» թերթի կայքը:
Երեկ մրցութային ցուցադրությունը սկսվեց ամերիկացի բեմադրիչ Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» նոր ֆիլմի դիտումից: Անցյալ տարի Փարիզում նկարահանված կինոնկարում հանդես են գալիս հոլիվուդյան աստղեր Քեթի Բեյթսը եւ Էդրեն Բրոուդին, իսկ ֆրանսիացիներից ընդգրկված են Մարիոն Կոտիյարը, Լես Սեյդուն եւ նույնիսկ առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին:
Փառատոնի ղեկավարությունը հիմնական ծրագրի 20 ֆիլմերը ընտրել է շուրջ 1500 ստեղծագործություններից: Կցուցադրվեն մասնավորապես դանիացի կինոբեմադրիչ Լարս ֆոն Տրիերի «Մելամաղձություն», իսպանացի Պեդրո Ալմոդովարի «Կաշին, որի մեջ ապրում եմ», ամերիկացի Տերենս Մալիքի «Կենաց ծառ», ֆինն Ակի Կաուրիսմյակիի «Հավր», ճապոնացի Տակասի Միիկեի «Խարակիրի: Սամուրայի մահը», բելգիացիներ Ժան-Պիեռ եւ Լյուկ Դարդենների «Հեծանվով տղան» ֆիլմերը:
Հիմնական մրցութային ծրագրում Ֆրանսիան ներկայացրել է 4 ֆիլմ, Դանիան, Իտալիան եւ Ճապոնիանՙ 2-ական, ԱՄՆ-ը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Իսրայելը, Ֆինլանդիան, Ավստրիան, Գերմանիան, Թուրքիան եւ Ռումինիանՙ 1-ական ֆիլմ:
Փառատոնի պատմության մեջ առաջին անգամ «Արմավենու ոսկե ճյուղի» համար պայքարում է 4 կին բեմադրիչ:
Վերջին պահին ծրագրում ընդգրկվեցին իրանցի բեմադրիչներ Ջաֆար Փանահիի եւ Մոհամմադ Ռասուլոֆի ֆիլմերը: Երկուսն էլ հայրենիքում ենթարկվել են հետապնդումների, չեն կարողացել ազատորեն զբաղվել իրենց մասնագիտությամբ: Դա վրդովմունքի եւ համերաշխության ալիք է առաջացրել համաշխարհային կինոընկերակցությունում:
No comments:
Post a Comment