Wednesday, May 4, 2011

«Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանյան մամուլի դատական հետապնդումները շարունակվում են

«Tert.am», 02.05.2011: Հեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները համոզված են, որ «աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար»:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, երեկ կազմակերպության հրապարակած հատուկ հայտարարությունում ասվում է. ««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստացած է այն դատական հայցերի առթիվ, որ ներկայացվել են ընդդեմ հայաստանյան պարբերականների: Մտահոգության տեղիք է տալիս թերթերից պահանջվող փոխհատուցման անհամարժեք չափը, ինչը վտանգում է այդ պարբերականների գոյությունն ու նպաստում դրանցում ինքնագրաքննության մթնոլորտի ձևավորմանը»։ Ըստ կազմակերպության փորձագետների` թերթերը լռեցնելու նպատակով դատական հայցերի օգտագործման պրակտիկային հարկ է վերջ դնել:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները նկատում են, որ թեև զրպարտության և վիրավորանքի համար քրեական պատիժը վերացվեց 2010-ի ապրիլին, ինչն ընկալվեց որպես քայլ դեպի ժողովրդավարություն, այնուհանդերձ պարբերականների դատական հետապնդումները շարունակվում են:
Կազմակերպության հայտարարության մեջ նաև արձանագրվում է, որ միայն 2011 թվականի առաջին եռամսյակում մամուլի դեմ ներկայացվել է 12 դատական հայց և դրանց գլխավոր թիրախն անկախ պարբերականներն են:
«Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացվել է 3 դատական հայց, հայցեր են ներկայացվել նաև «Հայկական ժամանակ» և «Հրապարակ» պարբերականների դեմ», - նշում են կազմակերպության փորձագետները` ընդգծելով. - «Հայցվորի դերում հաճախ է հանդես գալիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը: Ինքը` Քոչարյանը, նույնպես վերջերս դիմեց դատարան` «Հրապարակ» օրաթերթին մեղադրելով զրպարտության և վիրավորանքի մեջ: Թեև հայցով դատարան դիմելու որոշակի հիմքեր գուցե առկա էին, այնուհանդերձ լիովին հիմնազուրկ էր պարբերականի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու` հայցվորի ներկայացրած պահանջը: Թեև այդ որոշումը հետագայում վերանայվեց, այնուամենայնիվ նախկին նախագահի գործողությունները շարունակում են վտանգ պարունակել, քանի որ կարելի է ենթադրել, որ ներկայացվող հայցերի իրական նպատակը պարբերականի սնանկացումն է»:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունում նաև նշվում է. «Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել այս գործերի ընթացքին»:
Վերը նշված դատական հայցերից բացի կազմակերպության ներկայացուցիչները ներկա կգտնվեն պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացված հայցի քննությանն ու «Գլենդեյլ Հիլզն» ըննդդեմ «Ժամանակի» դատական պրոցեսին:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև համոզմունք է հայտնում, որ մամուլի ինքնակարգավորումը Հայաստանում պետք է զարգանա, իսկ նման հայցադիմումների քննության ընթացքում դատարանները պետք է հավատարիմ մնան փոխհատուցման համարժեքության սկզբունքին:

No comments: