Monday, June 6, 2011

«Ազադլիգ». Ադրբեջանում 1,5 տ-ից ավելի ոսկի է անհետացել

Panorama.am. 6-6-2011- Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ երկրի ամբողջ ոսկու պաշարը կազմում է 390 կգ, ինչը հավասար է մոտ 19 մլն դոլար: Նա միաժամանակ ասել է նաև, որ ոսկու հիմնադրամի ստեղծման հարց օրակարգում չկա:
Ս.Շարիֆովի այդ հայտարարությունից հետո «Ազադլիգ»-ի անցկացրած հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ 1993 թ-ին Ադրբեջանում իշխանությունը փոխվելու ժամանակ Ադրբեջանի ակնեղենի հիմնադրամում 2 տ ոսկի է եղել: Սակայն կարճ ժամանակ հետո Հեյդար Ալիևի հրամանով այդ հիմնադրամը վերացվել է և այնտեղ եղած ոսկու ճակատագիրն էլ անորոշ է մնացել:
Ժողճակատ կուսակցության իշխանության ժամանակ Ադրբեջանի վարչապետ, նախկին պատգամավոր Պանահ Հուսեյնը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Հեյդար Ալիևի իշխանության գալու ժամանակ Ակնեղենի հիմնադրամում 2 տ ոսկի է եղել:
Նրա խոսքով, իր պատգամավոր եղած ժամանակ ինքը բազմիցս խորհրդարանում և պատկան մարմինների առաջ բարձրացրել է ոսկու անհետանալու հարցը, սակայն հարցի քննարկմանը խորհրդարանում հիմնականում դեմ են հանդես եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) անդամ պատգամավորները: Հատկապես հարցի ուսումնասիրման առաջարկին դեմ են հանդես եկել խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովն ու ԵԱԿ պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը:
«Ժողճակատ կուսակցության իշխանության շրջանից մնացած ոսկու ճակատագիրը մինչ այժմ հայտնի չէ: Չնայած Ադրբեջանն իր տարածքում ոսկի է արդյունահանում, 1 տ 610 կգ ոսկու ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում, որը ներկա գնահատումներով կազմում է մոտ 69 մլն դոլար: Երևում է, Ալիևի իշխանությունը երկրի այլ հարստությունների պես, ոսկին էլ է իր սեփական ապրանքը համարում և նրա հետ վերաբերվում որպես իր ունեցվածքի», -գրում է թերթը:
«Ազադլիգ»-ի հետ զրույցում, տնտեսագետ փորձագետ Հուբադ Իբադօղլուն հայտնել է, որ Ադրբեջանը ոսկի է դուրս բերում համաշխարհային շուկա: Սակայն փորձագետը միաժամանակ հայտնել է, որ անցյալում երկրի ոսկու պաշարում նման տարբերության ստեղծման պատճառը պարզ չէ:
Հ. Իբադօղլուի խոսքով, դա ցույց է տալիս, որ այդ ոսկու պաշարը որոշակի շրջանակներ օգտագործել են սեփական նպատակների համար: «Դա շատ լուրջ հարց է, և պատկան մարմինները պետք է դրա հետ կապված բացատրություն տան ժողովրդին»,- նշել է փորձագետը:

No comments: