Friday, June 24, 2011

Նախագահները Կազանում կհանդիպեն 17։30-ին

Հայկական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեկնել է Կազան, որտեղ այսօր, Երևանի ժամանակով ժամը 17։30-ին նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Այս մասին հայտնում է Tert.am-ի թղթակիցը։
Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ հայ և ադրբեջանցի փորձագետները Ղարաբաղյան կարգավորման հարցում բեկում են կանխատեսում կազանյան հանդիպման ժամանակ։ Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղերձներ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին։ Իսկ Կազանի հանդիպումը, ինչպես հայտնի է, անցկացվում է համանախագահող երրորդ երկրի՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։
«Եկել է հակամարտությունը կարգավորելու և Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին լավ ապագայի հույս տալու ժամանակը»,- նախագահներին կոչ է արել ԱՄՆ նախագահ Օբաման։
Իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել է, որ պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Նրա համոզմամբ՝ եկել է այդ պահը:

No comments: