Friday, June 24, 2011

ՀԱԿ-ի լրջության 6 կոչը իշխանություններին

«Մեր պատասխանը երկխոսության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը կհնչի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում՝ հունիսի 30-ի հանրահավաքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ երկխոսության թեմային Սերժ Սարգսյանի անդրադարձից հետո Կոնգրեսում եղել են քննարկումներ, հրավիրվել է կենտրոնական շտաբի արտահերթ նիստ, տարածքային կառույցների հետ խորհրդակցություն, քաղխորհրդի նիստ:
Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ի անունից «լրջության վեց կոչ» ուղղեց իշխանությանը։ Մասնավորապես, ՀԱԿ-ը կոչ է անում դադարեցնել Կոնգրեսի նկատմամբ ինֆորմացիոն բլոկադան, քանի որ, Զուրաբյանի խոսքով, իրենք դեռևս հեռուստաեթերում ներկայացված լինելու խնդիր ունեն։ ՀԱԿ -ը դիմում է իշխանություններին՝ դադարեցնել հանրահավաքների օրը իրականացվող տրանսպորտային բլոկադան, հակառակ դեպքում՝ իրենք պատրաստ են դատական հայց ներկայացնել «տրանսպորտային երթևեկությունը կազմակերպող գործակալության դեմ»:
ՀԱԿ-ը կոչ է անում ԱԱԾ-ին և ոստիկանությանը դադարեցնել Կոնգրեսի վարկաբեկման նպատակով կեղծ տեղեկատվության տարածումը: Ըստ Զուրաբյանի՝ տարածվում են այնպիսի կեղծ տեղեկություններ, թե Կոնգրեսի և իշխանության միջև տեղի ունեցողը խաղ է, Կոնգրեսի հետ կան պայմանավորվածություններ, տարածվում են այնգամ «այնպիսի ախմախ լուրեր», թե Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է դառնալ ԱԺ նախագահ, կամ Կոնգրեսին քսան տեղ են խոստացել Ազգային ժողովում: «Հստակ տեղեկություններ ունենք, որ այդ կեղծ տեղեկությունների տարածումն արվում է ոստիկանության և ԱԱԾ մարմինների կողմից»,- հայտարարեց նա:
ՀԱԿ-ն իշխանություններին կոչ է անում նաև կիսաքայլերից անցնել երկխոսության՝ ձևավորելով լիարժեք ձևաչափ: «Ինքնանպատակ երկխոսություն հանուն երկխոսության չի լինելու. երկխոսությունը պետք է լինի արդյունավետ, որի արդյունքում պետք է Հայաստանի համար բախտորոշ, կարևորագույն համաձայնություններ ձեռք բերվեն»,- հայտարարեց Զուրաբյանն՝ ավելացնելով, որ երկխոսության այս գործընթացը, այդ թվում՝ ձևաչափի ճշտումը, չի կարող երկար տևել, եթե չբերի շոշափելի արդյունքների: ՀԱԿ-ը երկխոսության գործընթացից ակնկալում է համակարգային փոփոխություններ, որոնք թույլ կտան օր առաջ ձևավորել լեգիտիմ իշխանություններ:
Հարցին, թե ինչո՞ւ իր խոսքում չնշվեց արտահերթ ընտրությունների պահանջի մասին, Զուրաբյանը պարզաբանեց, որ օր առաջ լեգիտիմ իշխանությունների ձևավորումը նշանակում է արտահերթ ընտրությունների անցկացում:
ՀԱԿ համակարգողը դիմեց նաև այլ քաղաքական ուժերի՝ նշելով, որ երկխոսության արդյունքներից օգտվելու են բոլոր քաղաքական ուժերը:

No comments: