Saturday, June 25, 2011

Երեւան-Երասխ-Գորիս միջպետական ճանապարհի փլուզված հատվածը կսկսեն վերականգնել հուլիսի 1-ից. նախարարություն

News.am. 24-6-2011- Երեւան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ 97+250 տեղամասում (Ելփին-Չիվա հատված) գարնանային առատ տեղումների հետեւանքով առաջացած փլվածքի վերանորոգման նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նախագծման աշխատանքներին զուգահեռ երկու ողղությամբ ապահովվել է մայրուղու անցանելիությունը` պահպանելով անվտանգության կանոնները: Առաջիկա օրերին կսկսվեն փլվածքի վերանորոգման շինարարական աշխատանքները:
Շատին-Եղեգիս ճանապարհի 1-ին կմ-ի սողանքային հատվածի վերանորոգման նախագիծը նույնպես պատրաստ է, եւ ճանապարհին հարակից հողերի օտարման խնդիրները լուծվելուց հետո` կսկսվեն շինարարական աշխատանքները:
Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 365 կմ-ում փլվածքի հետեւանքների վերացման նպատակով ճանապարհի վերանորոգման նախագծման աշխատանքները կավարտվեն հունիսի 27-ին:
Նշենք, որ երկու տասնյակից ավելի վթարային ճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների վերանորոգման աշխատանքները կսկսվեն հուլիսի 1-ից:
Ինչ վերաբերվում է վթարված ճանապարհներին անվտանգության պահպանման նպատակով հատուկ նշանների տեղադրմանը, ապա տեղեկացնենք, որ այդ նշաները վթարների առաջին իսկ օրվանից տեղադրված են ճանապարհներին, եւ այդ մասին ինֆորմացիան լուսանկարներով դրված է նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքէջում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց Ձորի մարզի Ելփին եւ Չիվա գյուղերի մի խումբ բնակիչներ հունիսի 23-ին իրենց դժգոհությունն են հայտնել, որ իրենց գյուղերը միմյանց կապող մեծ ճանապարհի խոշոր փլուզումը չի արժանանում պատկան մարմինների ուշադրությանը:
Երեւան-Մեղրի եւ մինչեւ Իրանի սահման միջպետական ճանապարհի փլուզված հատվածն ունի շուրջ 100 մետր երկարություն, 10-12 մետր լայնություն եւ 3-5 մետր խորություն: Այս ճանապարհը Երեւանը կապում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի հետ: Փլուզման պատճառով մեծ խցանումներ են առաջանում:
Գյուղացիները դժգոհություն են հայտնում, որ չկան հատուկ նշաններ նաեւ լուսավորություն, որոնք երեկոյան ժամերին թույլ կտան վարորդներին տեղեկանալ փլուզման մասին:
Այս ճանապարհով անցնում են Իրանից ժամանած մեծ բեռնատարներ եւ մեծ է հավանականությունը, որ վարորդները չնկատելով փլուզումը, գլորվեն ձորը:
Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ֆոտոլրագրողին հայտնել է, որ իրենք տեղյակ են փլուզման մասին, սակայն ոչինչ չեն կարող անել, քանի որ այդ ճանապարհը միջպետական է եւ դրանով պետք է զբաղվի կապի եւ տրանսպորտի նախարարությունը:

No comments: