Ի՞նչ են ասել այդ հարաբերությունների մասին Էրդողանը կամ նրա թիմակիցները, ինչպե՞ս են եվրոպացիները թուրքերին հորդորում բացել հայ-թուրքական սահմանը, ի՞նչ նոր քայլերի կդիմի ընտրություններում հերթական հաղթանակը տոնած թուրքական Պուտինը եւ այլն: Իբր նրա դիրքերը մինչ այդ նույնքան ամուր չեն եղել եւ որեւե մեկը նրան խանգարում էր վավերացնել հայտնի արձանագրությունները:
Նախօրեին հայկական որոշ լրատվամիջոցներում լրջորեն քննարկվում էր Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում (AKP) եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցությունների առաջնորդների Հայաստանին ուղղված ուղերձներում տեղ գտած արտահայտությունները (Քըլըչդարօղլուն ասել է, որ իրենք Հայաստանին ոչ թե նախապայմաններ են թելադրում, այլ մի ժեստի են սպասում): Կարծես թե տարածքներ հանձնելու պահանջը որպես նախապայման կամ ժեստ ներկայացնելուց խնդրի էությունը փոխվում է:
Ի վերջո, ե՞րբ ենք մենք հասկանալու, որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի գործոնը Թուրքիայի ձեռքին ընդամենը մի խաղաթուղթ է Հայաստանի շրջափակումը շարունակելու եւ իր օգտին նորանոր զիջումներ կորզելու համար: Առանց այդ էլ ՀՀ իշխանությունների անժամանակ եւ դիվանագիտական մտքից զուրկ “նախաձեռնության” արդյունքում մենք թուրքերին զիջեցինք մեր հիմնական խաղաքարտերը` հայ-թուրքական արձանագրությունների տեսքով: Երեւի շատերն առ այսօր էլ չեն ընկալել, թե դրանք ինչպիսի հզոր զենք են դարձելԱնկարայի ձեռքում եւ դրանց դառը պտուղները մենք քաղելու ենք հետագայում (մասամբ արդեն քաղում ենք):
Չգիտես ինչու, քեմալիզմի եւ թուրքական գեներալիտետի դեմ Էրդողանի կառավարության վարած քաղաքականությունը ՀՀ-ում ոմանց ոգեւորել է, եւ նրանց մոտ հույսեր են արթնացել, թե իբր ազգայնականությունն այս երկրում նահանջ է ապրում, եւ շուտով Գյուլն ու Էրդողանը իրար ձեռք բռնած կլծվեն Հայ դատի տեսլականի իրականացմանը, 100-ամյակի նախօրեին կճանաչեն ցեղասպանությունը, կբացեն սահմանը եւ այլն: Նման հույսեր փայփայողներին ավելորդ չէր լինի հիշեցնել ընտրությունների ավարտից անմիջապես հետո (ուշադրություն դարցրեք` ոչ թե քարոզարշավի ժամանակ) Էրդողանի ելույթից որոշ դրվագներ, որտեղ նա թուրքական ազդեցության գոտի հռչակեց ոչ միայն Բոսնիայից մինչեւ Չինաստան ընկած տարածքը, այլեւ ողջ արաբական արեւելքը: Իսկ Անդրկովկասին անդրադառնալուց Վրաստանի եւ Ադրբեջանի կողքին մոռացավ հիշատակել Հայաստանի անունը:
Ստացվում է, որ ներկայիս թուրքական կառավարությունը ազգային հարցերում շատ ավելի ամբիցիոզ է, քան մոլի ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը (MHP): Չպետք է անտեսել նաեւ այն հանգամանքը, որ արաբական երկրներում շարունակվող հեղափողական շարժումները նրան հնարավորություն են ընձեռում ակտիվորեն միջամտել Մերձավոր Արեւելքի խնդիրներին եւ փորձել ստանձնել իսլամական աշխարհի առաջնորդի դերը: Ինչ որ տեղ սա Դավութօղլուին վերագրվող նեոօսմանիզմի գաղափարախոսության շարունակությունը կարելի է համարել, որի գլխավոր նպատակներից մեկը նախ երիտթուրքերի, ապա Աթաթուրքի ջանքերով արհեստականորեն ձեւավորված “թուրք ազգ” հասկացությունը Թուրքիայի քաղաքացի հասկացությամբ փոխարինելն է:
Ի միջի այլոց, այս գաղափարն առաջինն առաջ էր քաշել նախկին նախագահներից Թուրգութ Օզալը, սակայն ազգայնականների ճնշման տակ ստիպված էր եղել նահանջել: Նպատակն ինչպես այն ժամանակ, հիմա էլ նույնն է` չեզոքացնել քրդական ազգայնականության գործոնը եւ կրոնական ընդհանրության հողի վրա տարբեր ազգություններին համախմբել ընդհանուր հայրենիքի գաղափարի շուրջ: Վերջին հաշվով, ներկայում պաշտոնապես թուրքեր են համարվում նաեւ այդ երկրում ապրող չեչենները, չերքեսները, աբխազները, լազերը եւ այլն, որոնց այս հանգամանքը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի գալիս:
Մուրադ Բոջոլյան, 23 հունիսի 2011 թ.
No comments:
Post a Comment