Tuesday, June 7, 2011

Ամերիկացի դիվանագետի համոզմամբ` Էրդողանի կուսակցությունը 3-րդ անգամ է հաղթելու մեջլիսի ընտրություններում

Panorama.am. 7-6-2011- Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատան քաղաքական բաժնի դիվանագետ Լաուրա դե Օթալվարոն այցելել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Զոնգուլդաքի նահանգային գրասենյակ: Ըստ ամերիկացի դիվանագետի` հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը նվաճելու է Էրդողանի ղեկավարած «ԱԶԿ»-ն:
Ինչպես հաղորդում է թուրքական «Milliyet» օրաթերթը, Օթալվարոն նախ հանդիպում է ունեցել Զոնգուլդաքի նահանգապետ Էրդալ Աթայի, այնուհետև «ԱԶԿ»-ի տվյալ նահանգային կառույցի ղեկավար Համդի Ուչլարի հետ: Ընդգծելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատմական նշանակությունը Թուրքիայի համար` ամերիկացի դիվանագետն ասել է հետևյալը. «Ակնհայտ է, որ պատմական նշանակության ընտրություններ են, որովհետև առաջին անգամ է լինելու, որ միևնույն քաղաքական կուսակցությունը երեք անընդմեջ հաղթանակ տանի ընտրություններում: Ակներև է, որ «ԱԶԿ»-ն այս իմաստով առաջինն է լինելու: Ի դեպ, Վաշինգտոնում բոլորը հետաքրքված են այս ընտրության արդյունքներով»:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում անցկացվելու են մեջլիսի ընտրություններ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ 550 անդամներով: 2007թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում «ԹԱՄԺ»-ի գործունեության ժամկետը 5-ից կրճատվեց 4 տարվա: Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 10 տոկոս է: Ընտրապայքարի մեջ ներգրավված է 18 կուսակցություն: Հիմնական պայքարն ընթանալու է իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» քեմալական ուղղվածության ժողովրդահանրապետականների կուսակցության (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) միջև: Բազմակուսակցական համակարգի հաստատումից հետո (1946 թ.) հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են 17-րդը, իսկ ձևավորվելիք կառավարությունը` 61-րդը հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում:

No comments: