Monday, June 13, 2011

Համակարգն ընդդեմ Նազարյան ընտանիքի

«Լրագիր» 13-6-2011- Հուլիսի 27-ին լրանում է Տավուշի մարզի Մեհրաբներ զորամասում անմարդկային խոշտանգումների ենթարկված, ապա հրազենային կրակոցով կյանքին վերջ դրած Արտակ Նազարյանի մահվան մեկ տարին: Արդեն մեկ տարի նախաքննական մարմինն այս գործով քննություն է կատարում, մեղադրյալների շրջանակն է ընդլայնում, սակայն քննությունն, ըստ էության, տարվել և տարվում է միակ` ինքնասպանության վարկածով:
Տպավորություն է, որ նախաքննական մարմինը խուսափում է հայտարարել ինքնասպանության վարկածով կատարված քննության ավարտը, և ահա նախաքննության ավարտի մասին փաստացի հայտարարել է իրեն հոգեբան-ձեռագրաբան հռչակած, մանկական ձայնով, բայց պատկառելի տարիքով մի տիկին, ում ադեկվատությունը բարձրացված հարցերին խիստ կասկածելի է:
Այս օրերին զինվորական վերնախավն իր հոգեբաններին գործուղել է տարբեր մամուլի ակումբներ և փորձում է նրանց միջոցով հասարակությանը սևեռել ինքնասպանությունների աճի վրա, որպեսզի, ասենք, Արտակ Նազարյանի դեպքը ընկալվի շատ սովորական, որպես հերթական ինքնասպանության մի դեպք: Ընկալվի այնպես, ինչպես ընկալում է բանակի ղեկավարությունը` “ինքնասպանություն” կատարողի մեղքը բարդելով ընտանիքի վրա:
Իհարկե, գերադասելի և օգտակար կլիներ, որ անցյալ դարի հոգեբան Էլդա Գրինը բանակում ինքնասպանությունների մասին թեմայով իր դասախոսությունները կարդար զինվորական վերնախավի համար և բացատրեր, որ բանակում մահվան դեպքերի մեծ մասի որակումը որպես ինքնասպանություններ, դա բանակի ու պետության խնդիրն է, ում իր զավակին պահ է տվել ծնողը:
Սույն տիկնոջը հանձնարարել և ձեռքն են տվել, իբր, մահվանից առաջ Արտակի թողած գրությունն ինքնասպանության մասին, որպեսզի գնա և իր “համոզմունքը” տարածի հեռուստաընկերությունների միջոցով: Այն դեպքում, երբ սույն գրությունը նախաքննության գաղտնիության քողի տակ անհասանելի է Արտակ Նազարյանի ընտանիքի և փաստաբանների համար, ովքեր դատական ատյաններում բողոքարկում են գրության լուսապատճեն ստանալու և այլընտրանքային փորձաքննության ներկայացնելու համար:
Հարց է առաջանում, թե ինչու: Ինչու է նախաքննական մարմինը վախենում բազմակողմանի քննություն կատարել, ստուգել ձեռագիրը դարձյալ ու կրկին:
“Գրությունը տրամադրվել է նախաքննական մարմնին` էապես թերի վիճակում, այսինքն, ընթացել է ապացույցի փչացման գործընթաց և ոչ պատահաբար”, նախաքննական մարմնի միտումն է արձանագրում փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Գրությունը քրեական գործում հայտնվել է դեպքից 12 օր հետո և կասկածելի հանգամանքներում: Իբր Արտակ Նազարյանի գրպանից այն հանել է կապիտան Հ.Մանուկյանը, ով փոխանցել է ոչ թե նախաքննական մարմնին, այլ` ոմն Նաջարյանի, վերջինս էլ տևական ժամանակ իր մոտ պահելուց հետո հանձնել է գումարտակի հրամանատար Մ. Գաբրիելյանին, նա էլ նախաքննական մարմնին: Եթե սրան էլ գումարենք Արտակի օրագրից պատռված բազմաթիվ էջերի փաստը, ապա հստակ կդառնա փաստաբանի կողմից վկայակոչած քննության միտումը:

Պարզ է, որ Արտակի օրագրում գրառումներ են եղել զորամասում տիրող հանցավոր մթնոլորտի մասին, և այդ էջերը պատռվել են... Ում էր դա ձեռնտու, հարցնում է փաստաբան Սեդա Սաֆարյանն ու պատասխանում. “զորամասում կարգուկանոնի համար պատասխանատու առաջին դեմքին` գումարտակի հրամանատարի”: Համադրելով նշված հանգամանքները, փաստաբանն արձանագրում է. “զորամասի հրամկազմի և քննչական բաժնի միջև ձևավորված ավանդական կապերը լրջորեն խոչընդոտել են քննության օբյեկտիվությանը”:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հետմահու դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշման առնչությամբ արված իր միջնորդության մեջ նշում է.

“Փորձաքննությամբ առաջադրված որոշ հարցեր ինքնասպանության վարկածը հաստատելուն ուղղված ուղղորդող բնույթի են: Նշված հարցերի բովանդակությունից հետևում է, որ նախաքննական մարմինը ապացուցված և անհերքելի փաստ է համարում Ա.Նազարյանի կողմից ինքնասպանւթյուն կատարած լինելը: Նախաքննության մոտ Ա.Նազարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ հստակ ձևավորված նման համոզմունքը արդեն իսկ սահմանափակում է անկախ և անաչառ մասնագիտական եզրակացություն տալու փորձագետների ազատությունը...”:

Արտակ Նազարյանի մահվան դեպքն առաջինը ինքնասպանություն է որակել պաշտպանության նախարարությունը, այսպիսով ուղղորդելով իր ենթակայության տակ գտնվող քննչական մարմնին: Ավելի ուշ, երբ հայտնի դարձավ, որ մահվանից առաջ Արտակը բռնությունների է ենթարկվել, ՊՆ-ն ինքնասպանությունը դարձրեց ինքնասպանության հասցնել` վերջնականապես ամրապնդելով ինքնասպանության վարկածը:

Հենց այս ուղղորդումից հետո է քրեական գործում հայտնվել “ինքնասպանությունը հաստատող” կասկածելի այս գրությունը, որտեղ Արտակն իր մահվան համար մեղադրում է ծնողներին : Մեր տեղեկություններով քրեական գործում առկա են նաև Արտակ Նազարյանի բարոյական կերպարը վարկաբեկող զորամասից տրված տեղեկանքներ: Սա է զինվորական համակարգի դեմքը, որդուն մահվան դուռը տանելուց հետո, այժմ էլ, բոլոր միջոցներով նսեմացնում են հարազատներին, որպեսզի վերջիններիս ձայնը կտրեն:

Սակայն Արտակ Նազարյանը ճանաչված, օրինակելի կերպարով երիտասարդ է եղել ու նրան սևացնելն այդքան հեշտ չի լինելու:

Զինորական դատախազ Գևորգ Կոստանյանն ասում է, որ քննիչն ինքն է որոշում, նախաքննության ընթացքում որ փաստաթուղթը հրպարակային դարձնի, որը` ոչ: Դատախազը նաև ասում է, որ ինքը տեղյակ չէ և չգիտե, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել հրապարակային դարձնել սույն գրությունը: Բայց բոլորս էլ լավ գիտենք մեր իրավապահ համակարգը և այն, որ քննիչները, այդ թվում Արտակի գործով քննիչ Լևոն Պետրոսյանը, չի կարող անգամ ինքնուրույն հորանջել, ուր մնաց նման գրությունները նախաքննության ընթացքում հրապարակային դարձնել սեփական նախաձեռնությամբ:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: