Monday, June 13, 2011

Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ կունենա ազգությամբ ասորի պատգամավոր

Tert.am. 13-6-2011- Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ազգությամբ ասորին աթոռ կզբաղեցնի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող պատգամավորության անկախ թեկնածու Էրոլ Դորան հաղթել է Մարդինի ընտրատեղամասում։
Նշենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին իշխանությունն ու ընդդիմությունը հրաժարվեցին առաջադրել հայ թեկնածուների: Սակայն նախքան ցուցակների հրապարակումը, լուրջ քննարկում էին ծավալվել ազգությամբ հայ թեկնածուներին ընտրություններին մասնակից դարձնելու առնչությամբ: Սակայն վերջին պահին «Արդարություն և զարգացում» իշխող, Ժողովրդա–հանրապետական և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր և «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունները միաձայն հրաժարվեցին առաջադրել պատգամավորության հայ թեկնածուների:
Հայ թեկնածուների հնարավոր առաջադրումը մեծ ոգևորություն էր առաջ բերել ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում։ «Եթե համաձայնություն ձեռք բերվի պոլսահայ ներկայացուցիչների և կուսակցությունների միջև, մեծ է հավանականությունը, որ 45 տարի անց Թուրքիայի խորհրդարանում հայտնվեն նաև ազգությամբ հայ պատգամավորներ»,– գրել էր թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում խորհրդարանում ազգային փոքրամասնություններին ներկայացրել են 23 պատգամավորներ, որոնցից 6–ը եղել են հայեր:
International Herald Tribune–ն էլ մեկնաբանելով թուրքական կուսակցությունների՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ընտրություններին մասնակից դարձնելու որոշումը, գրել էր, որ նման քայլով Թուրքիայում քրիստոնյաների համար բացվում են քաղաքականության դռները:

No comments: