Monday, June 13, 2011

Մարզական նոր հարմարություններ Թեհրանի «Ն. Գյուլբենգյան» դպրոցում

«Իրանահայեր» լրատու ցանց, 13.06.2011: Այսօր երեկոյան ժամը 7-ին, Թեհրանում, Հայկական բարեգործական ընդհանուր միության (Հ.Բ.Ը.Մ.) «Նվարդ Գյուլբենգյան» տղայոց տարրական դպրոցի բակում, թեմի առաջնորդի ձեռքով կատարվելու է արհեստական սեզով պատված ֆուտբոլի փոքր դաշտի եւ մարզագետնի բացումը: Այս արարողությանը ներկա են լինելու պետական հյուրեր, հայկական դպրոցների, միությունների եւ մամուլի ներկայացուցիչներ:
Ամիսների տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված այս հնարավորության գործում իրենց արժեքավոր ներդրումն են ունեցել Հ.Բ.Ը.Մ. Վարչությունը եւ անդամները, Կրթադաստիարակչության նախարարության 6-րդ շրջանի պատասխանատուները եւ դպրոցի տեսուչը:
Հիշեցնենք, Թեհրանի հայկական դպրոցներում սա առաջինն է, որ հարստանում է սեզապատ գետնով ու մարզանքի հարմար դաշտով: Այս առիթով մեր կողմից նախեւառաջ շնորհավորում ենք «Ն. Գյուլբենգյան» դպրոցի աշակերտությանը, ապա Հ.Բ.Ը.Մ. Իրանի մասնաճյուղին` սկսած նախագահուհի Աստղիկ Բաբայանից մինչեւ միության շարքային անդամը, որոնք ի սրտե աշխատում են հայ աշակերտների համար ավելի լավ պայմաններ ստեղծել:
Հիշատակելի է, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Թեհրանում այսօր ունի երկու` «Նվարդ Գյուլբենգյան» տղայոց տարրական եւ «Մարի Մանուկյան» օրդ. միջնակարգ, դպրոցներ:

No comments: