Friday, June 24, 2011

Մեկնարկել է Դաշնակցության Ընդհանուր ժողովը. քննարկվելու է երկրում ստեղծված իրավիճակը

Tert.am. 24-6-2011- Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) 31-րդ Ընդհանուր ժողովը, որին մասնակցում են Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև կոալիցիոն կուսակցությունների և խորհրդարանական ընդդիմության՝ «Ժառանգության» ներկայացուցիչը:
Դաշնակցության ընդհանուր ժողովին ՀՀԿ-ից ներկայացել է կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, նույն խմբակցության պատգամավորներ Վարդան Բոստանջյանն ու Արամ Սաֆարյանը: «Ժառանգությունից» ներկա են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը:
Ժողովի մեկնարկից առաջ հնչեցին Հայաստանի հիմներգն ու ՀՅԴ օրհներգը, որից հետո բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ հայտարարելով, որ Ընդհանուր ժողովում քննարկվելու են անցած տարիների կատարված աշխատանքը, առկա խնդիրները: Ռուստամյանի բացման հակիրճ խոսքից հետո ցուցադրվեց կուսակցության գործունեության մասին պատմող տեսանյութ:
Լրագրողների հետ զրույցում Ռուստամյանն ասաց, որ ընդհանուր ժողովի ժամանակ քննարկվելու է ոչ միայն արդեն կատարված աշխատանքը, այլև ուղենշվելու են այն ուղիները, որոնք դառնալու են Դաշնակցության առաջիկա տարիների գործունեության հիմքը: Նրա խոսքով՝ հստակեցվելու են ՀՅԴ մոտեցումներն ու անելիքները ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրները: «Քննարկելու ենք երկրում ստեղծված իրադրությունը, հստակեցվելու են առաջիկա տարիների ՀՅԴ անելիքները»,- ասաց Ռուստամյանը:
Tert.am-ի հարցին, թե հնարավո՞ր է ՀՅԴ Ընդհանուր ժողովում ընդունվի Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն, Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ նման հայտարարություն անպայման կընդունվի՝ թերևս ժողովի ավարտին, եթե մինչ այդ լուրջ փոփոխություններ չլինեն:

No comments: