Saturday, June 25, 2011

Մինչեւ տարվա վերջ Մեդվեդեւը եւս մեկ «ղարաբաղյան» շանս ունի. Սաբինա Ֆրեյզեր

News.am. 25-6-2011- Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը հիասթափեցնող է, բայց ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հույսը դեռ մնում է: Այս մասին ադրբեջանական Trend-ին հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքով, բանակցային սեղանին գտնվող Հիմնարար սկզբունքները ներկա պահին կողմերին ուղղված լավագույն առաջարկներն են:
«Խնդիրն այն է, որ շատ քիչ ժամանակ է մնում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում 2012 թվականին, իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում 2013 թվականին նախագահական ընտրություններ են կայանալու եւ շատ բարդ է լինելու համաձայնության հասնել հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Ֆրեյզերը:
Նրա ներկայացմամբ, որպեսզի Հիմնարար սկզբունքները ստորագրվեն, նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ դա լավագույն առաջարկն է այս պահին:
Ֆրեյզերը հույս է հայտնել, որ նախագահները Երեւան եւ Բաքու վերադառնալով, համապատասխան աշխատանքներ կտանեն իրենց ժողովուրդների հետ:
Այդ դեպքում, ինչպես նաեւ պայմանով, որ մինչեւ տարեվերջ Սարգսյանն ու Ալիեւը եւս մեկ հանդիպում կանցկացնեն ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, շանս կա, որ հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի, ընդգծել է Ֆրեյզերը:
«Իսկ եթե այդ բանակցությունները ձախողվեն, կողմերի միջեւ նոր զինված բախումների ալիքի հավանականություն շատ մեծ կլինի»,- ամփոփել է նա:

No comments: