Monday, June 13, 2011

Իրանում պանթյուրքիստները Թուրքիայի դրոշով շապիկներ են բաժանում երիտասարդներին

Panorama.am. 13-6-2011- Իրանի տարբեր քաղաքներում` մասնավորապես Թավրիզում, պանթյուրքական ուժերը Թուրքիայի դրոշով շապիկներ են բաժանում իրանցի երիտասարդներին:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքը:
Ըստ տեղեկատվության` պանթյուրքիստներն իրենց նպատակներին հասնելու նպատակով փորձում են, օգտվելով 2009թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած հետընտրական բախումների տարելիցից, անուղղակի կերպով Թուրքիայի դրոշը տարածել թյուրքախոս բնակչության շրջանում: Հիշեցնենք, որ իրանական «աթինյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ` ս.թ. փետրվարին, երբ Թուրքիայի նախագահ Աբդոլլահ Գյուլը այցելել էր Թավրիզ, նրան ուղեկցող թուրք պաշտոնյաները Իրանի պանթյուրքիստների անջատողական կոչերին պատասխանել են զգացմունքային արտահայտությամբ` ավելի բորբոքելով պանթյուրքիստների անջատողական ձգտումները:

Նկատենք, որ իրանական կայքերը հաճախ են տեղեկացնում, որ պանթյուրքական խմբավորումները, դրսի ուժերի աջակցությամբ, ցանկացած առիթ (ֆուտբոլային հավաք, մշակութային միջոցառում) օգտագործում են, որպեսզի Իրանի թյուրքախոս` Արևելյան Ազերբայջան, Արևմտյան Ազերբայջան, Արդեբիլ և Զենջան նահանգներում հակաիրանական և հակապետական քարոզչություն իրականացնեն և անկայունություն առաջացնեն այդ շրջաններում:

No comments: