Monday, June 13, 2011

Նախագահի ով լինելու խնդիրը

«Լրագիր» 13-6-2011-Սատանան այդքան սարսափելի չէ, որքան թվում է: Այդպիսի արտահայտություն կա, որ թերեւս հաճախակի կարելի է կիրառել Հայաստանի հասարակական-քաղաքական պրոցեսների այս կամ այն դրվագի հանդեպ: Մասնավորապես, այդ արտահայտությունը կարելի է կիրառել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հանդեպ, ով հաճախ ասուլիսներ է տալիս եւ ինչ որ տոկոսներ հրամցնում որպես սոցհարցման արդյունք:
Ադիբեկյանն իհարկե սատանա չէ, որ սարսափելի կամ ոչ սարսափելի լինի: Պարզապես նրա բերած տոկոսները շատ հաճախ ընկալվում են իբրեւ բարձրագույն իշխանության մեսիջներ: Իրականում, միգուցե Ադիբեկյանի տվյալներն այդքան էլ մեսիջ չեն, որքան թվում են, կամ այդքան էլ բարձրագույն իշխանության մեսիջը չեն, որքան թվում է:
Պարզապես Ադիբեկյանը, որպես սոցիոլոգ, ուսումնասիրում է ոչ միայն հասարակական, այլ նաեւ իշխանական դաշտում առկա պատկերն ու եզրակացնում, թե ասենք ինչպիսի տոկոսները կարող են ներդաշնակ լինել իշխանության մեջ առկա տրամադրություններին:

Ահա եւ սոցիոլոգ Ադիբեկյանը ներկայացնում է տվյալներ, համաձայն որի, Հայաստանում բնակչության մեջ կրկնապատկվել է վատ ապրողների թիվը: Ասել, որ Ադիբեկյանը չափազանցնում է, թերեւս կլինի սխալ: Երեւի թե կասկած չկա, որ մարդիկ Հայաստանում սկսել են ավելի վատ, առնվազն ավելի դժվար ապրել: Բայց հետաքրքրական է, որ Ադիբեկյանն այդ տվյալները ներկայացնում է այժմ` հունիսին: Իսկ ինչով է դա հետաքրքրական: Իհարկե ոչ այն պատճառով, որ մարդիկ արդեն ամառային ռեժիմի մեջ են, ու նրանց ավելի շատ բնությունն ու արձակուրդն են հետաքրքրում, ոչ թե սոցիոլոգների ասուլիսները:

Բանն այն է, որ հունիսը այն “մայիս-հունիս” ժամկետն է, երբ պետք է որ երեւային Սերժ Սարգսյանի մարտյան հայտնի խորհրդակցության արդյունքները: Հիշում եք, որ Սերժ Սարգսյանը բավական կոշտ քննադատության ենթարկեց տնտեսական վիճակն ու գործադիր մարմնի աշխատանքը, հանձնարարելով քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, ու հայտնելով, թե մայիս-հունիս ամիսներին այդ արդյունքները պետք է երեւան: Բայց դրանք կարծես թե ուշանում են, մեղմ ասած: Իսկ այդ ուշացումներն էլ կրկին աշխուժացրել են կառավարության փոփոխության, վարչապետի փոփոխության մասին խոսակցությունները: Այդ ֆոնին, նաեւ հերթական անգամ ակտիվանում են խոսակցությունները, թե վարչապետի պաշտոնին հավակնում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Երեւի թե մնում է, որ այդ ամենը համեմվի սոցիալական բազայով, ինչի համար շատ կարեւոր կարող են լինել տարբեր սոցիոլոգիական հարցումների տոկոսները: Չի բացառվում, որ սոցիոլոգ Ադիբեկյանը հարկ է համարել, ի շահ իհարկե պետության, ներկայացնել այդ տոկոսները, որպեսզի վարչապետի փոփոխության հայրենանվեր գործում բերի իր լուման: Ադիբեկյանն ասում է, որ չնայած վատ ապրողների թիվը կրկնապատկվել է, այդուհանդերձ մեծ է լավատեսների թիվը` 40 տոկոս: Երեւի թե մնում էր ասել, որ այդ լավատեսներն իրենց հույսերը կապում են Տիգրան Սարգսյանին փոխելու եւ Հովիկ Աբրահամյանին նշանակելու հեռանկարի հետ:

Հավանական է իհարկե, որ Տիգրան Սարգսյանին փոխարինի բոլորովին այլ մարդ, ասենք ընդդիմությունից` երկխոսության շրջանակում: Ի վերջո, եթե ՀՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում Հայ ազգային կոնգրեսի օրենսդրական նախաձեռնությունները հնչեցնել խորհրդարանում, ապա երեւի թե դրանից մեկ քայլ է հեռու Կոնգրեսի վարչապետի թեկնածուին հավանություն տալը: Եթե Սերժ Սարգսյանն առաջարկի, իսկ Կոնգրեսն էլ համաձայնի, ապա ՀՀԿ-ի հարցն իհարկե դառնում է զուտ տեխնիկական:

Կարեւորը, որ ապահովվի սոցիալական բազան` համապատասխան տոկոսներով: Օրինակ, Ադիբեկյանը Կոնգրեսի համար արդեն իսկ նախանշում է 20 տոկոս: Նրա խոսքով, Կոնգրեսը արմատական դիրքից տեղափոխվելով կենտրոն` 4 տոկոս կորցնում է իր ընտրազանգվածից, բայց փոխարենը ստանում է 20 տոկոսի հնարավորություն: Իսկ 20 տոկոսը բավական լուրջ թիվ է վարչապետություն վստահելու համար: Տիգրան Սարգսյանն էլ կձերբազատվի թիրախ լինելու հանգամանքից ու կկարողանա նույնիսկ հասցնել ռեաբիլիտացվել հետագա ամիսների ընթացքում, մինչեւ խորհրդարանի հերթական ընտրություն, երբ նա ամենայն հավանականությամբ կգլխավորի ՀՀԿ ընտրական ցուցակը: Բանն այն է, որ հազիվ թե այլ վարչապետի, լինի այն կոնգրեսական եւ իշխանությունից, հաջողվի որեւէ էական փոփոխություն կատարել ներկայիս տնտեսական իրադրությունում:

Այդ իրադրությունը փոխելու համար պետք են այնպիսի լուծումներ, որոնց բանալին գտնվում է միայն հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ձեռքին: Հետեւաբար, քանի դեռ այդ անձը փոփոխությունների անմիջական պատասխանատվությունը կառավարության վրա է պահում եւ չի տեղափոխում իր վրա, Հայաստանում ավելի ու ավելի հրատապ է դառնում ոչ թե կառավարության ղեկավարի, այլ հանրապետության նախագահի ով լինելու խնդիրը:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: