Tuesday, June 14, 2011

Հայաստան-Վրաստան` «Ես քեզ, դու` ինձ». Բա՞ Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը

«Իսկ ինչպե՞ս եք դուք վերաբերում Ցեղասպանությունն ուսումնասիրելու պատմական հանձնաժողովի ստեղծման գաղափարին»,-Panorama.am-ի հարցին հարցով պատասխանեց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը այն կոնտեքստում, որ հայ և վրաց կաթողիկոսների հանդիպման ընթացքում, Վրաստանում հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու խնդրի շուրջ ծավալված քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, ավելի ճիշտ կլինի ասել` հայկական կողմը համաձայնել է պատմական հանձնախումբ ձևավորել և Հայաստանի տարածքում վիճելի համարվող եկեղեցիների պատկանելության հարցը քննարկել:
Շ.Թորոսյանը պնդեց` միջեկեղեցական հանձնաժողովի ստեղծման գաղափարը նույն է, ինչ սկսենք քննարկել Ցեղասպանության հարցը.
«Կնշանակի, որ մենք կասկածի տակ ենք դնում հայկական եկեղեցիների պատկանելիության հարցը…Ըստ իս, միանշանակ է, որ վրացական կողմն այս քայլին գնում է հայկական եկեղեցու կարգավիճակի խնդրի շուրջ ձգձգումներն արդարացնելու միտումով, որովհետև վրացական կողմը մինչ օրս չի լուծում բազում հարցեր, որոնք առաջ է քաշում Հայաստանը` այդ թվում նաև Ջավախքի թեմը ստեղծելու խնդիրը, ինչն էլ ուղղակիորեն կլուծի եկեղեցիների պատկանելիության հարցը: Իսկ այս բանակցությունների արդյունքում Վրաստանն առաջ քաշեց հետևյալ թեզը` հայկական եկեղեցին կունենա այն իրավունքները Վրաստանում, իսկ վրացական եկեղեցիները Հայաստանում»,- նշեց պատգամավորը:
Ավելացրեց, որ այդ բանակցությունների արդյունքում վրացական կողմն առաջ է քաշել մի շարք եկեղեցիների անուններ, ստեղծել են Տաշիրի թեմը և հիմա էլ այդ ամենը, փաստորեն, դնում են համարժեքության նժարին:
«Այն է` ինչպես դուք, այնպես էլ մենք. բայց միթե՞ ճիշտ է մի քանի հարյուր հազարանոց համայնքը համեմատության մեջ դնել գոյություն չունեցող համայնքի հետ կամ փաստացի Առաքելական եկեղեցու գոյությունը` սպասավորներով, հավատավորներով, կառույցներով և այլնով դնել ու համեմատել ոչնչի հետ…այդպես չի լինում»,- մտահոգված ընդգծեց Շ.Թորոսյանը:

Հիշեցնենք, որ երբ այս խոսակցություններն ակտիվացան այն ֆոնին, որ Վրաստանում հայկական եկեղեցիները վրացականացվում էին, Վրաստանի թեմի եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը հայտարարել էր, որ Վրաստանի տարածքում արդեն ավելի քան 20 եկեղեցիներ վրացականացվել են` այդ թվում Թբիլիսիում, Խաշուրիի ու Կախետի շրջաններում և այլուր ու հիշեցրել, որ այդ եկեղեցիները նախքան խորհրդային կարգերի հաստատումը գործել են որպես հայկական: Եվ նման հանձնաժողովի ստեղծման գաղափարը քննարկելի կլինի միայն այնժամ, եթե Վրաստանը համաձայնի հետաքննել ու ուսումնասիրել արդեն իսկ վրացականացված հայկական եկեղեցիների հարցը:

Վերադառնալով մեր զրուցակցին նշենք, որ իր տվյալներով, Հայաստանի տարածքում ` հատկապես Լոռիում, առկա է 5 եկեղեցի, որոնք վրացական կողմի համար վիճելի են համարվում.

«Սակայն հայերս էլ քաղքեդոնական շրջան ունեցել ենք ու այդ եկեղեցիները հենց այդ շրջանում են կառուցված ու հիմա վրացիները հայտարարում են, որ դրանք վրացական են»,- ավելացրեց նա:

Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիների քանակին հարևան Վրաստանի տարածքում, ապա այսօր կոնկրետ թիվ հնչեցնելը դժվար է և Panorama.am-ի զրուցակիցը ևս զերծ մնաց դրանից:

Սակայն նշենք, որ 20-րդ դարի սկզբին, այսինքն նախքան եկեղեցիների համար ավերիչ խորհրդային բարքերի հաստատումը, միայն Թբիլիսիում եղել է 27 հայկական եղեկեցի , որից 10-ը ոչնչացվել է հետագայում, իսկ ահա Զվիադ Գամսախուրձիայի իշխանության օրոք 5 հայկական եկեղեցի համարվել է վիճելի` պատկանելիության առումով:

«Մենք շատ եկեղեցի ունենք Վրաստանի տարածքում, բայց այսօրվա դրությամբ վիճելիները հինգն են և, փաստորեն, տեսնում ենք, որ վրացական կողմն էլ Հայաստանի տարածքում հինգ եկեղեցու հարց է առաջ քաշել ու փորձում համարժեքություն մտցնել քննարկվող հարցում»,- ևս մեկ անգամ շեշտադրեց նա:

Վերջում նա առաջարկեց մի պահ պատկերացնել, որ երկկողմ այդ եկեղեցիների պատկանելիության խնդիրը կլուծվի, ո՞ւր կմնա Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի խնդրի լուծումը, չէ որ առաջնահերթ դա է մեզ համար կարևոր: Այլ կերպ ասած ենթադրելի է, որ այս ամենն արվել է անորոշ ժամանակով խնդիրը հետաձգելու ու խնդիրն էլ ավելի փակուղի մտցնելու առումով:

No comments: