Sunday, June 12, 2011

Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

News.am. 12-6-2011- Թուրքիայում հունիսի 12-ին տեղի են ունենում 24-րդ գումարման Ազգային մեծ ժողովի ընտրությունները։
Լռության ժամանակահատվածը սկսվել է հունիս 11-ի երեկոյան 18։00-ից եւ կտեւի մինչեւ հունիսի 12-ի 24։00-ը, որի ընթացքում արգելված կլինի ընտրությունների հետ կապված ցանկացած քարոզչություն, հայտարարություն, բացի պաշտոնական հաղորդագրություններից։
Թուրքիայի 32 նահանգներում քվեարկություններն սկսվում են 07։00-ին եւ կվերջանան 16։00-ին, իսկ մնացած նահանգներում՝ 08։00-ից մինչեւ 16։00։
Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 50 մլն 189 հազար 930 քաղաքացի, ովքեր իրենց ընտրությունը կարող են կատարել 199 հազար 207 տեղամասերում։
Թուրքիայի խորհրդարանի 550 տեղի համար պայքարում են 15 կուսակցություն եւ անկախ թեկնածուներ։ Ներկայացված են պատգամավորության 7 հազար 660 թեկնածու, որոնցից 203-ն անկախ թեկնածուներ են։
Ընտրացուցակներում կուսակցությունները ներկայացված են հետեւյալ հաջորդականությամբ.
1. «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն
2. «Դեմոկրատական» կուսակցություն
3. «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն
4. «Աշխատանքայի» կուսակցություն
5. «Ազգ» կուսակցություն
6. «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցություն
7. «Բարգավաճում» կուսակցություն
8. «Իրավունք եւ հավասարություն» կուսակցություն
9. «Ժողովրդի ձայն» կուսակցություն
10. «Ազգայնական շարժում» կուսակցություն
11. «Ճշմարիտ ուղի» կուսակցություն
12. «Թուրքիայի կոմունիստական» կուսակցություն
13. «Ազգայնական եւ պահպանողական» կուսակցություն
14. «Մեծ միասնություն» կուսակցություն
15. «Դեմոկրատական ձախ» կուսակցություն

Տարբեր վերլուծությունների համաձայն՝ այս կուսակցություններից խորհրդարան մտնելու շանսեր ունեն միայն «Արդարություն եւ զարգացում», «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները, ինչպես նաեւ անկախ թեկնածուներով հանդես եկող քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը։

Այսպես` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2007-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հավաքել էր 46,5 տոկոս` խորհրդարան բերելով 341 պատգամավոր: «Ժողովրդա-հանրապետական»-ը` 21 տոկոս` 112 պատգամավոր, «Ազգայնական շարժումը` 14,3 տոկոս` 71 պատգամավոր եւ 26 անկախ պատգամավորներ, որոնց հիմնական մասը քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամներն էին, ովքեր ստեղծեցին խորհրդանական խմբակցություն:

«Ժողովրդավարական հասարակություն» կուսացությունը 2009-ի դեկտեմբերին փակվեց Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից, որից հետո կուսակցության անդամները տեղափոխվեցին «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն։

No comments: