Անդրադառնալով Իսրայելի արտգործնախարարությունում 2010թ. Թուրքիայի դեսպանի հետ տեղի ունեցած անախորժությանը՝ Դենի Այալոնն ասել է. «Ես ընդամենը կատակ էի արել թուրք դեսպանի հետ։ Նախապես ծրագրված ոչինչ չի եղել։ Սակայն հեռուստատեսությունը խախտեց համաձայնությունն ու եթեր հեռարձակեց այդ կադրերը։ Մենք նպատակ չունեինք վիրավորել որևէ երկրի կամ որևէ անձնավորության։ Մենք հարգում ենք Թուրքիային»։
Գովեստի խոսքեր շռայլելով Թուրքիայի հասցեին՝ պաղեստինյան «Ֆաթհ» և «Համաս» շարժումներին հաշտեցնելուն ուղղված ջանքերի համար՝ Այալոնը հայտարարել է. «Մենք ցանկանում ենք, որ Պաղեստինը միավորվի։ Եթե Թուրքիայի միջնորդությամբ «Համասը» հայտարարի՝ «Ընդունում ենք Օսլոյի համաձայնագիրը, քննադատում ենք ահաբեկչությունը, ճանաչում ենք Իսրայել պետությունը, Իսրայելը մեր խաղաղ գործընկերն է», մենք կհամբուրենք յուրաքանչյուր թուրքի ձեռքը»։
Դենի Այալոնը խոսել է նաև թուրք–իսրայելական հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ պետք է հաղթահարել առկա լարվածությունը։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում կողմերի մոտ անվստահության մթնոլորտ է ստեղծվել։ Կորցրել ենք փոխադարձ վստահությունը, սակայն անհրաժեշտ է հաղթահարել այդ իրավիճակը։ «Մավի Մարմարան» չի միանալու նոր տորմիղին, ինչը շատ հարմար առիթ է մեր հարաբերությունների վերականգնման համար։ Բացի այդ, մեր վարչապետ Բենյամին Նեթանյահուն նամակ է գրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ցանկություն հայտնելով միասին աշխատել»,– ասել է Իսրայելի փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Դենի Այալոնի անունն սկսվեց ակտիվորեն շրջանառվել մամուլում հատկապես այն դեպքից հետո, երբ Այալոնն Իսրայելի արտգործնախարարություն էր հրավիրել Թել Ավիվում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքքոլուին և նրան նստեցրել ցածր բազմոցին: Պաշտոնական Անկարան Այալոնի այդ քայլը որակել էր որպես «Թուրքիային նվաստացնելու փորձ» և Թել Ավիվից պահանջել ներողություն խնդրել: Ի պատասխան թուրքական կողմի մեղադրանքներին` Իսրայելի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ ինքն ամենևին էլ չի ցանկացել վիրավորել ոչ թուրք դեսպանին, ոչ էլ Թուրքիային: Սակայն ի վերջո Դենի Այալոն ստիպված ներողություն էր խնդրել Անկարայից:
No comments:
Post a Comment