News.am. 7-6-2011- Անկարայի գլխավոր դատախազությունը 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման հետաքննության գործով հարցաքննության է ենթարկել ռազմական հեղաշրջման հեղինակ, նախկին նախագահ Քենան Էվրենին, ով հայտարարել է, թե չի փոշմանել արյունոտ հեղաշրջման համար։Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հարցաքննությունն ընթացել է Էվրենի տանը, քանի որ վերջինս ունի առողջական խնդիրներ։ Նախկին նախագահին հարցաքննել է Անկարայի գլխավոր դատախազի տեղակալ Հուսեին Գյորուշենը՝ փաստաբանի եւ բժշկի ներկայությամբ։ Դատախազը նախկին նախագահին ուղղել է 12 հարց։
«Ինչո՞ւ հեղաշրջում իրականացրեցիք»,-հարցին, Էվրենը պատասխանել է. «Երկիրը շատ վատ վիճակում էր։ Ոստիկանությունը երկու մասի էր բաժանվել։ Շատ սպասեցինք, սակայն ստիպված եղանք անցնել գործի։ Երկիրը կաթվածահար էր եւ կանգնած էր քաղաքացիական պատերազմի վտանգի առջեւ»։ Այն հարցին, թե չի փոշմանե՞լ արածի համար, Էվրենը պատասխանել է. «Բոլորովին չեմ փոշմանել։ Նույն իրավիճակը հիմա էլ լինի, կրկին կանեմ։ Երբ աչքիս առաջ է գալիս 1980-ի սեպտեմբերի 12-ից առաջ երկրի վիճակը, մարմինս փշաքաղվում է։ Հեղաշրջումը միայն իմ որոշումը չի եղել։ Այն ընդունվել է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարների կողմից»։
Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։ Էվրենի դեմ ներկայացված է «հեղաշրջման իրականացում» եւ «զենքով սահմանադրական կարգի փոփոխություն» մեղադրանքներ։
2010-ի սեպտեմբերի 12-ի հանրաքվեով Թուրքիայի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց։ Այդ փոփոխությամբ՝ հանվել է այն կետը, որով արգելվում էր դատապարտել 1980-ի հեղաշրջման մասնակիցներին։
Քենան Էվրենը ներկայումս 94 տարեկան է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար։
No comments:
Post a Comment