Մալենցյանը նշեց, որ Հայաստանում գործում է նարկոլոգիական չորս կլինիկա, որոնց դիմողների թիվը բավական մեծացել է թմրամիջոցների օգտագործումն ապաքրեականացնելուց հետո։ «Հիմա ավելի շատ են դիմում, քանի որ ոստիկանության կողմից չկան հետապնդումներ, բուժման պրոցեսում նրանց հետ հարաբերություններն ընկերական են, և նրանց նկատմամբ կիրառվում է վարչական տույժ 100-200 հազար դրամի սահմաններում։ 10-12 օրվա ընթացքում կատարվում է դետոքսիկացիա՝ արյան մաքրում»,- ասաց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, հաճախ թմրամոլների մոտ արձանագրվում են առողջական այլ խնդիրներ, և այդ դեպքում նարկոլոգիական բաժանմունքը մարդուն ուղղորդում է այլ բուժհիմնարկներ։
Ըստ բանախոսի՝ որպես «ոմանց սոցիոլոգիական հետազոտություն» երբեմն ներկայացվող թմրամոլների 100 000 թիվը իրականում մեկ անգամ թմրադեղ փորձածների թիվն է։
Նա նաև տեղեկացրեց, որ ներերակային թմրամիջոց օգտագործում է 3610 թմրամոլ, «սակայն այս թիվը կարող է հասնել մինչև 5000»:
«Մարդը սիրահարված ա ներարկիչին. նրա էդ սերը դադարեցնելու համար պետք ա մարդու նկատմամբ շարունակական հոգածություն»,- ասաց մասնագետը։ Ըստ նրա՝ կախվածությունը ոչ միայն ֆիզիկական է, այլև հոգեբանական, և պետք է այն ուղեղից ջնջել։
Մալենցյանը նշեց, որ ի տարբերություն եվրոպական երկրների՝ մարդիկ Հայաստանում չեն մոտենում և առաջարկում թմրամիջոց։ Սակայն, ըստ նրա, հասարակությունը պետք է կարողանա հետ ընդունել բուժում ստացածներին։ «Չէ՞ որ դա խրոնիկ հիվանդություն է. մենք հո շաքարային դիաբետով հիվանդներին չե՞նք հալածում»,- ասաց նա՝ հավելելով, որ Եվրոպայում նման խնդիր ունեցած մարդիկ դանդաղ ինտեգրվում են հասարակությանը, իսկ Հայաստանում դա դեռ խնդիր է։
No comments:
Post a Comment