Monday, June 13, 2011

Կազանից առաջ

«Լրագիր» 13-6-2011- Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այցելել է Մոսկվա եւ հանդիպում ունեցել “կառավարական շրջանակների հետ”: Այդ հանդիպումներում, ըստ “Կոմսոմոլսկայա պրավդայի” տարածած տեղեկատվության, քննարկվել են Հայաստանի ներքաղաքական, տարածաշրջանային խնդիրներ, հայ-ռուսական հարաբերության հեռանկարին վերաբերող հարցեր: Բնականաբար Լեւոն Զուրաբյանն այդ ամենի վերաբերյալ ներկայացրել է Կոնգրեսի տեսակետը:
Թե հատկապես “կառավարական” ինչ մակարդակի շրջանակներում են անցել Զուրաբյանի հանդիպումները, չի մանրամասնվում: Ի դեպ, այդ առիթով հիշարժան է 2008 թվականի նախագահի ընտրությանը նախորդած շրջանի մի դեպք: Այդ ժամանակ տեղեկություն տարածվեց, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մոսկվա եւ հանդիպել այն ժամանակ ՌԴ նախագահի թեկնածու Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ տեղեկատվությունից անմիջապես հետո նախագահի մեկ այլ թեկնածու Սերժ Սարգսյանի թիմը մամուլով փորձեց հերքել դա, ասելով, որ Մոսկվայում Տեր-Պետրոսյանը Մեդվեդեւի հետ չի հանդիպել, իսկ նրա հանդիպումների առավելագույն մակարդակը եղել է աջ ուժերի առաջնորդներից մեկի` Գոզմանի հետ հանդիպումը:
Ըստ երեւույթին, համանման կոնֆուզներից խուսափելու համար էլ Կոնգրեսի համակարգողի հանդիպումների վերաբերյալ նշվում է “կառավարական շրջանակներ” ընդհանուր ձեւակերպումը: Բայց տվյալ դեպքում էականը ոչ այնքան այդ հանդիպումների մակարդակն է, այլ այն, որ այդպիսով փաստացի նախանշվում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներում Մոսկվայի ներկայությունը: Մինչ այդ, ներքաղաքական գործընթացները համարվում էին այսպես ասած “արեւմտյան նախաձեռնություն”:
Կոնգրեսն այժմ փաստացի ցույց է տալիս, որ գործընթացներում առկա է նաեւ Մոսկվան, ու ինքն էլ հաշվի է առնում Մոսկվայի գոյությունը: Չի բացառվում, որ Կոնգրեսը հենց Մոսկվայից եկող խանդի պատճառով է ստիպված եղել հանդիպել “կառավարական շրջանակների” հետ, այդ խանդը մեղմելու համար:
Թեեւ պետք չէ նաեւ բացառել, որ Մոսկովյան հանդիպումներն անպայմանորեն հակադրվում են “արեւմտյան սցենարին”: Ի վերջո, ներկայում երեւի թե Արեւմուտքը առավել քան երբեւէ ազդեցություն ունի Ռուսաստանի Դաշնության վրա: Այդ ազդեցությունը գուցե ավելին է, քան ասենք 1990-ականների սկզբին, երբ տպավորություն կար, որ “լիբերալների” իշխանությունը ՌԴ-ն դարձրել է Արեւմուտքի կցորդ: Ներկայում ՌԴ-ն առերեւույթ գուցե այդպիսին չէ, բայց խորքային իմաստով Ռուսաստանը թերեւս շատ ավելի մեծ ազդեցության տակ է գտնվում, քան “լիբերալիզմի' տարիներին:
Իսկ ինչո՞ւ է այդ դեպքում Արեւմուտքին պետք, որ հայաստանյան զարգացումներում իրեն ներգրավված համարի նաեւ Ռուսաստանը: Թերեւս այն պատճառով, որ Արեւմուտքը ներկայում բոլորովին այլ տեխնոլոգիական մոտեցումներով է փորձում իշխել Ռուսաստանի վրա: Այսինքն, փորձ է արվում Ռուսաստանին թելադրել փառասիրությունը շոյելով, ոչ թե քշել անկյուն, քանի որ այդ դեպքում ռուսները կարող են դառնալ անկանխատեսելի եւ գործի դնել ռուսական ոգու քաղաքական ողջ դեստրուկտիվիզմը: Հավանաբար, ներհայաստանյան զարգացումներն այդ դեստրուկտիվիզմից այս անգամ գոնե զերծ պահելը Արեւմուտքի համար ստրատեգիական խնդիր է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: