Monday, June 13, 2011

Մենք պետք է օգտագործենք վերջին հնարավորությունը. Իլհամ Ալիև

Tert.am. 12-6-2011- Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծման համար ներկայում լավ նախադրյալներ կան: Այսօր այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սլովենիա կատարած այցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Ալիևն ասել է, որ մայիսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Դովիլում ընդունած հայտարարությունը դրա «շատ լուրջ ազդանշանն է»: «Այնտեղ նշվում է, որ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ Դովիլյան հայտարարությունը վկայակոչում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, որտեղ «որևէ հակասություն չկա պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքների միջև»:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է, ուստիև 19 տարի է արդեն բանակցում է: «Այդ 19 տարիների ընթացքում քննարկվել են, փորձարկվել են բազմաթիվ տարբերակներ: Կրկին ուզում եմ ասել, որ Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման արդյունքում ներկայում մենք չենք կարողացել հասնել խաղաղ համաձայնագրի: Այժմ մենք պետք է օգտագործենք վերջին հնարավորությունը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Դովիլյան հայտարարությունից հետո խնդրի կարգավորման հույսերը մեծացել են:
Նշենք, որ հունիսի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ, որի արդյունքում հայտարարվել է, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները»:
Հունիսի 25-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ Կազանում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

No comments: