Friday, June 24, 2011

Ընկերներս ասում են, որ չափավորեցնեմ իմ լավատեսությունը. Foreign Policy-ի հոդվածագիրը՝ Կազանի հանդիպման մասին

Tert.am. 24-6-2011- Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագրի հոդվածագիր Սթիվ Լևայնն այսօր անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ «Սխալ հաշվարկների վտանգը Լեռնային Ղարաբաղի մոռացված պատերազմում» (The danger of miscalculation in the forgotten war over Nagorno-Karabakh) վերտառությամբ հոդվածում:
Լևայնը գրում է՝ տարեսկզբից բուռն իրադարձությունները ցնցում են այնպիսի վայրեր և երկրներ, որտեղ ժամանակը, թվում էր, թե առհավետ կանգ է առել։ «Այդ իրադարձությունների հետևանքներից մեկը դարձել է նավթի գնի լիակատար անկանախատեսելիությունը. մի ամիս նավթի գինը 114 դոլարի է հասնում, հաջորդ ամիս՝ 90–ի։ Ինչպես նշում են թրեյդերները, Մերձավոր Արևելքում խնդիրները սպառնալիք են ստեղծում նավթի համաշխարհային մատակարարման համար.... շուկան, սակայն, իր հաշվարկներում բացառում է Ադրբեջանին, չնայած որ վերջինս վերջին 5 տարիների ընթացքում համաշխարհային շուկային տարեկան 800–ից մինչև 1 մլն բարել բարձրորակ նավթ է մատակարարում: Չնայած այն համգամանքին, որ Ադրբեջանը հազիվ թե կարողանա ցնցել նավթի շուկան, այդուհանդերձ ամեն ինչ այլ կերպ կարող է լինել»,- նկատում է նա և վկայակոչում պատմությունը։
«Ինչպես գիտենք պատմությունից, այդ թվում Առաջին աշխարհամարտի սկսման պատմությունից, երկար լեզուները, վատ գլուխները և ցրված մտքերը կարող են չկանխատեսված պատերազմի հանգեցնել։ Եվ հենց այս տեսանկյունից էլ պետք է նայել Ադրբեջանին»,- նշում է հեղինակավոր ամսագրի հոդվածագիրը:
Այսօր Կազանում կողմերը հանդիպում են, որպեսզի վերջապես փորձեն վերջ տալ արդեն 23 տարի շարունակվող հակամարտությանը:
«Առնվազն վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա նախարարների մի մասը Հայաստանի հետ ճոռոմ և անհեթեթ վիճաբանության մեջ են մտել։ Այս ամսվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ վերջին հաշվով իր երկիրը կարդարացնի իր ժողովրդի, կառավարության և գերագույն հրամանատարի հույսերը և թշնամուց կազատագրի օկուպացված տարածքները: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը վերազինվում է և իր բանակի վրա Հայաստանի ողջ բյուջեից ավելի շատ գումար ծախսում»,- շարունակում է Լևայնը և հիշեցնում է Կարնեգի հիմնադրամի փորձագետ, Ղարաբաղի հարցի գիտակ Թոմաս դե Վալի այն խոսքերը, որ հակամարտող կողմերից որևէ մեկը կարող է սխալ հաշվարկ անել, ինչը և նոր ռազմական գործողությունների վերսկսման պատճառ կարող է դառնալ։

«Երկու դեպքում էլ նավթի համաշխարհային գինը կսկսի տատանվե»,– նշում է Լևայնը։- Երեկ դիվանագետներն ինձ ասացին, որ Կազանում բանակցությունների ժամանակ, երկու կողմերը, ինչպես երբեք, մեծ ցանկություն կդրսևորեն՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար, որը կարող է առավել երկար բանակցային գործընթացի հանգեցնել։ Ընկերներս ասում են, որ չափավորեցնեմ իմ լավատեսությունը։ Երևում է, որ նրանց արժե լսել՝ պատրաստ լինելու համար»:

No comments: