Tuesday, July 5, 2011

Հուլիսի 31-ից օգոստոսի 14-ը Հայաստանում կանցկացվի «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց»

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 31-ից օգոստոսի 14-ը Հայաստանում կանցկացվի «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց»:
Հիմնական նպատակն է «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» շրջանակներում հայ երիտասարդ առաջնորդների համար ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապել հայրենիքի հետ, ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, կազմակերպել հանդիպումներ պետական իշխանության համակարգի ներկայացուցիչների հետ, մշակել հետագա համագործակցության ձևեր և միջոցներ:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են նախարարության Համահայկական ծրագրերի վարչությունից, ամառային դպրոցի շրջանակներում կքննարկվեն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարներն ու ձևերը` հայապահպանության, հայ համայնքներում ազգային ինքնության պահպանման ու զարգացման, ձուլման դեմ պայքարի հարցերը: Համատեղ քննարկումների, երկխոսության արդյունքում կառաջարկվի հայկական համայնքներում արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման, երիտասարդների ակտիվ ներգրավման ձևեր և միջոցներ, ինչպես նաև ստեղծել նրանց ակտիվացման, հայրենիքի հետ սերտ կապերի հաստատման համար ամուր հիմքեր:
Ծրագրի գերակայություններն են` Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդների ուժերի կազմակերպման, զարգացման ու համախմբման խթանում, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև կապերի հաստատում, համայնքներում երիտասարդական ինքնակառավարման կառույցների ստեղծման խթանում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում երիտասարդների ուժերի ներգրավում, Սփյուռքում հայապահպանությանը, հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, ձուլման դեմ պայքարին երիտասարդների ուժերի օգտագործում:

Նշենք, որ «Երիտասարդ առաջնորդների դպրոցի»-ին կարող են մասնակցել օտարերկրյա պետություններում մշտապես բնակվող 21-30 տարեկան` առաջնորդական հմտություններով օժտված, երիտասարդական կառույցներում ընդգրկված, ինչպես նաև համայնքային կյանքում ակտիվորեն ներգրավված հայ երիտասարդներ:

Յուրաքանչյուր փուլի մասնակիցները կիրականացնեն նաև հայկական համայնքների զարգացմանն ուղղված անհատական կամ համատեղ շարունակական ծրագրեր, որոնք կմեկնարկեն Դպրոցի ընթացքում. երիտասարդները կաշխատեն նաև դասընթացից հետո` համացանցի միջոցով, արդյունքները կամփոփվեն մեկ տարի անց` հաջորդ փուլի սկզբին:

No comments: