Wednesday, July 6, 2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Չնայած այն բանին, որ Կազանում վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների առնչությամբ, այդուհանդերձ, առաջընթաց արձանագրվել է։ Այս մասին, ինչպես նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադտկեի և Իգոր Պոպովի համատեղ հայտարարությունում։
Հայտարարությունում նշվում է, որ առկա տարաձայնությունները չպետք է խանգարեն կողմերին հիմնարար սկզբունքների ընդունման ճանապարհին և խաղաղ համաձայնագրի մշակմանը։
«Ինչպես նշել են նախագահներ Մեդվեդևը, Սարկոզին և Օբաման մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարությունում, հետագա ձգձգումը կասկածի տակ կդնի համաձայնության հասնելու կողմերի նվիրվածությունը»,– ասվում է հայտարարությունում։
Հայտարարությունում նշվում է նաև, որ համանախագահները ծրագրում են խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում և պատրաստվում են առաջիկայում այցելել տարածաշրջան։

No comments: