Wednesday, July 6, 2011

ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԿՈՉԸ ՄՆԱՑ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ

Իրավական կարգավիճակ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն եւ մյուս կրոնական համայնքներին
«ԱԶԳ», 06-07-2011- Վրաստանի խորհրդարանը երեկ ուշ երեկոյան արտահերթ նիստում քննարկեց ու երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունեց երկրի քաղաքացիական օրենսգրքում առաջարկված եւ առաջին ընթերցմամբ հուլիսի 1-ին ընդունված փոփոխությունները, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա գրանցել տարբեր կրոնական համայնքներ ոչ թե որպես ոչ կառավարական կազմակերպություններ, այլ հանրային իրավունքի սուբյեկտներ` իրավաբանական անձի կարգավիճակով:
Քաղօրենսգրքի փոփոխությունների համաձայնՙ այդպիսի կարգավիճակ ստանալու հնարավորություն է ընձեռվում Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն, հռոմեական կաթոլիկ եկեղեցուն, բապտիստներին, մուսուլմաններին եւ հրեաներին:
Ավանդականներից այս ցանկից դուրս է մնացել, անհայտ պատճառներով, Վրաստանում գործող եւս մեկ եկեղեցի` լյութերականը: Ընդհանուր առմամբ այսօրինակ սահմանափակ ցուցակի հիմնական պատճառներից մեկն էլ շատ այլկրոնական համայնքների պարագայում որպես հասարակական կազմակերպություններ արդեն գրանցված լինելու հանգամանքն էր, որ սակայն փոփոխության ենթարկվեց երեկ` երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ: Ըստ առաջարկված փոփոխությանՙ հանվեց հիշյալ համայնքներով սահմանափակումը:
Օրենսդրական փոփոխությունները ներկայացրել էին Լաշա Թորդիան, Չիորա Տակտակիշվիլին եւ Նուգզար Ցիկլաուրին, որոնք երեքն էլ ներկայացնում են խորհրդարանական մեծամասնությունը, որին դեմ էին արտահայտվել խորհրդարանական ընդդիմություն ձեւացող քրիստոնեա-դեմոկարտները, թե վրացական եկեղեցին նմանօրինակ կարգավիճակ չունի, ասենք, Հայաստանում եւ Ադրբեջանում:

Հասկանալի է, որ խորհրդարանական մեծամասնությունն իրականում կատարում է այն, ինչ նախաձեռնել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Իսկ վերջինս թեեւ ոչ պաշտոնապես խոստացել էր լուծել Հայ առաքելական եկեղեցու` Վրաստանում կարգավիճակի հարցը, սակայն ակնհայտորեն ոչ թե հայ-վրացական հարաբերությունների համատեքստում է գնացել քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններ կատարելու քայլին (թեեւ հստակ է, որ հայկական կողմի ու հայ եկեղեցու առումով «վաստակում» է իր դիվիդենտները), այլ իր հաշիվներն ունի պետության գործերին հարատեւ մասնակցություն ու դրանցում եկեղեցականի հնարավոր դերակատարությունից ավելին ստանձնած վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Վրաց եկեղեցուն սահմանադրական կոնդակով տրված բարձրագույն կարգավիճակը որեւէ կերպ չի նսեմանում կրոնական այլ համայնքներին կարգավիճակ տալու պարագայում, սակայն վրաց եկեղեցու արձագանքը օրենսդրական փոփոխություններին առավել նման է խուճապի կամ բարկության, որ առաջ կարող է բերել «ենթակայի` վերահսկողությունից դուրս գալու» հանգամանքը: Հայոց կաթողիկոսի այցի ու դիրքորոշման առնչությամբ սեփական տարիքային գերազանցությունն ի ցույց դնող պատրիարքը վրացական խորհրդարանի քննարկումների առնչությամբ ինչքան ազդեցություն ունիՙ փորձել է բանեցնել` կոչ անելով խորհրդարանին «հետաձգել օրենքի ընդունումը», քանի դեռ «չի լուծվել վրացական եկեղեցիների հարցը արտերկրում»:

Իլյա Երկրորդի մատուցմամբ, «ժողովրդի եւ վրաց եկեղեցու համար բացարձակապես անսպասելի» այդ քայլը հանրային քննարկումների կարիք ունի, հատկապես որ «վրաց եկեղեցին երբեք դեմ չի եղել ու միշտ աջակցել է Վրաստանում գործող այլ դավանանքներին կարգավիճակ տալու գաղափարին»: «Անսպասելի» լինելու պատրիարքարանի եւ ոչ պատրիարքարանի, այլ այլոց բերանով հնչեցված մեղադրանքների առնչությամբ, թե նշված օրենսդրական փոփոխություններն արվում են շրջանցելով պատրիարքարանը, վրաց խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին արձագանքել է, որ խորհրդակցություններ վրաց եկեղեցու հետ անցկացվել են: Վրացի պատգամավորը, ըստ «Գրուզիա օնլայնի», հիշեցրել է, որ այդ թեման տարիներ շարունակ արգելափակված է եղել:

Փոփոխությունների նոր տարբերակով նաեւ նշվում է, որ որպես իրավաբանական անձ կարող են գրանցվել «Վրաստանի հետ սերտ պատմական կապեր ունեցող կրոնական միավորումները կամ այնպիսիք, որոնք նման կարգավիճակ ունեն Եվրոմիության երկրներում», ընդ որում, իրավաբանական անձ գրանցվող կրոնական համայնքների վրա չի տարածվում հանրային իրավունքի իրավաբանական այլ անձանց մասին օրենքը: Այս դրույթը հաստատապես պարզաբանումների, մեկնաբանությունների, նաեւ հետագա «խութերի» առիթ է դառնալու:

«Ազգի» հետ զրույցում Վրաստանի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ վրացական օրենսդիրների այս քայլը հայ եկեղեցուն կարգավիճակ տալու հարցը լուծում է, սակայն դրան կհետեւեն այլ հարցեր, որ տասնամյակներ սպասում են լուծման: Օրենքի ընդունմանը, ըստ սրբազանի, կհաջորդի կանոնադրության ներկայացմամբ գրանցումը, ապա դիմումը կառավարությանը` հայկական եկեղեցիները վերադարձնելու, ապա հարկ կլինի սեփականաշնորհման հարց լուծել:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: