Tuesday, July 5, 2011

Հավատում եմ հայ-ադրբեջանական զբոսաշրջային փոխայցելություններին. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Tert.am. 5-7-2011- Պետք է հուսալ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ապագայում կկատարեն փոխադարձ զբոսաշրջային այցելություններ: Այդ մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի Տուրիզմի համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար հորդանանցի Թալեբ Ռիֆաին:
«Ինչպես մենք բոլորս, ես ապրում եմ Երկիր մոլորակում և քաջ գիտեմ, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում: Սակայն ապագան անցյալից լավը կլինի»,- ասաց նա:
Ռիֆաին նշեց, որ իր կյանքի այս վերջին 50 տարվա ընթացքում չէր կարող մտածել Իսրայել այցելելու մասին: Հորդանանից Միացյալ Նահանգներ ճանապարհորդելը՝ կտրելով մի քանի հազար կիլոմետր, իր համար ավելի հեշտ էր, քան անցնել Հորդանան գետը, որն ընդամենը 15 մետր լայնություն ունի: «Սակայն ժամանակը եկավ, և ես այցելեցի Իսրայել: Մենք շատ իրատես ենք և իրավիճակի բարդությունը չենք թերագնահատում, բայց գիտենք, որ կան մարդկային ուժեր, որոնք կարող են զարգացումը ճիշտ ուղիով տանել: Կգա մի օր, երբ տարածաշրջանի ժողովուրդները կտեսնեն միասին ապրելու առավելությունը»,- ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

No comments: