Tuesday, July 5, 2011

Անկարան հրաժարվելու է Թել Ավիվին առաջադրած ներողության նախապայմանից

Tert.am. 5-7-2011- Անկարան և Թել Ավիվը ցանկանում են համաձայնության գալ և հաղթահարել երկկողմ հարաբերություններում շարունակվող ճգնաժամը։ Այս մասին տեղեկացնում է իսրայելական Ynet կայքը՝ նշելով, որ կողմերը համաձայնության հասնելու համար պատրաստ են փոխզիջումների։
«Եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, Անկարան հրաժարվելու է «Ազատության տորմիղի» միջադեպի կապակցությամբ Թել Ավիվին առաջադրած ներողության նախապայմանից, իսկ Թել Ավիվն իր հերթին հանելու է Թուրքիային անհանգստացնող բոլոր այն բաժինները, որոնք տեղ են գտնելու ՄԱԿ–ի կողմից միջադեպի առնչությամբ հրապարակվելիք վերջնական զեկույցում»,– գրում է Ynet–ը։
Իսրայելական կայքը տեղեկացնում է նաև, որ Իսրայելի փոխվարչապետ և ռազմավարական հարցերով նախարար Մոշե Յաալոնը ՄԱԿ–ի զեկույցի հրապարակման նախաշեմին մեկնել է Նյու Յորք, որտեղ հանդիպումներ է ունենալու թուրք և ամերիկացի պաշտոնյաների հետ։
Ynet–ը նշում է նաև, որ համաձայնության շրջանակում «Ազատության տորմիղի» միջադեպի ժամանակ սպանված թուրքերի հարազատների աջակցության համար ստեղծվելու է հիմնադրամ։
Կայքը մեջբերում է նաև Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հայտարարությունը՝ իսրայելական կողմի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին։
Նշենք, որ «Ազատության տորմիղի» միջադեպից հետո թուրք–իսրայելական հարաբերություններում առաջացած ճգնաժամը մինչև այժմ շարունակվում է։ Երկկողմ հարաբերությունների վերականգնման համար Անկարան Թել Ավիվին առաջադրել է մի քանի նախապայմաններ, այդ թվում՝ պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար։
Հիշեցնենք, որ վերջերս իսրայելական Haaretz պարբերականը գրել էր այն մասին, որ Թել Ավիվի և Անկարայի միջև ընթացող գաղտնի բանակցությունների ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի կողմից «Ազատության տորմիղի» միջադեպի ժամանակ սպանված թուրքերի ընտանիքներին փոխհատուցում վճարելու հարցի շուրջ։
Իսրայելական պարբերականը տեղեկացրել էր նաև, որ գաղտնի բանակցություններն ընթանում են անձամբ Իսրայելի փոխվարչապետ և ռազմավարական հարցերով նախարար Մոշե Յաալոնի և Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջև։
Ըստ Haaretz–ի՝ Թել Ավիվը ներողության փոխարեն պատրաստ է ցավակցություն հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Նշենք, որ իսրայելական մամուլում նախկինում ևս շրջանառվում էին լուրեր այն մասին, թե Թել Ավիվը պատրաստ է փոխհատուցում վճարել սպանված 9 թուրքերի հարազատներին։
Անցած տարի իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը գրել էր, թե որոշվել է փոխհատուցման չափը, և սպանվածների ընտանիքները կստանան 100 հազարական դոլար փոխհատուցում։
Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 31-ին Գազա ուղևորվող «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել էր 9 թուրք։

No comments: