Tuesday, July 5, 2011

Արտագաղթի խուճապը կասեցնելու համար նախագահը պետք է հատուկ ուղերձով դիմի ժողովրդին. մտավորական

Tert.am. 4-7-2011- Հայաստանում արտագաղթի տագնապալի պատկերը խուճապային է, որը կանգնեցնելու համար հարկավոր են ոչ ստանդարտ քայլեր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Մատենադարանի գիտաշխատող, Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն՝ առաջարկելով նախագահին հատուկ ուղերձով դիմել ժողովրդին ու ասել, որ հայ ժողովրդի ապագան Հայաստանում է։
«Դա պետք է լինի ոչ թե մի հպանցիկ հարցազրույցի, ճեպազրույցի մեջ, մի որևէ ձեռնարկության բացմանը, այլ պետք է լինի հատուկ ուղերձով դիմելով»,– ասաց նա։
«Եվ այսօր՝ այս գրեթե խուճապային դարձած իրավիճակի մեջ պետք է սկսել մի հոգեբանական բեկում՝ դա կլինի իշխանության միջոցով, դա կլինի հասարակության միջոցով..., այսինքն՝ պետք է սկսել այդ հոգեբանական բեկումը, որովհետև եթե միայն առաջնորդվենք սոցիալ–հոգեբանական ծրագրով, եթե անգամ ինչ–որ հրաշքով աշխատավարձերը ավելանան, ստեղծված հոգեբանական վիճակը չի կարող փոխվել»,– կարծիք հայտնեց Դևրիկյանը։

Նրա խոսքով՝ արտագաղթի պատճառ են դառնում այնպիսի հանգամանքներ, ինչպիսին է, օրինակ, բացօթյա առևտուրը արգելելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը։ «Այսօր արտագաղթը կասեցնելու կարևորագույն պայմաններից մեկը պետք է այն լինի, որ վերջ տանք կեղծ ֆասադային միջոցառումներին, կեղծի էլիտարայնությանը։ Պետք է մարդը լինի արժեքը։ Ավելի լավ է՝ մարդը Հանրապետության հրապարակում որևէ բան վաճառի, քան թողնի-Հայաստանից գնա, թե չէ Հայաստանը կվերածվի էլիտար սպասարկման կառույցի»,– ընդգծեց Գրականության ինստիտուտի փոխտնօրենը։

Հոգեբան Լաուրա Պետրոսյանի խոսքով՝ արտագաղթի պատճառ է դառնում այն, որ կրթություն ստացած մասնագետը չի զգում, որ ինքն այս երկրին անհրաժեշտ է։ Չնայած այս հանգամանքին՝ հոգեբանը խորհուրդ է տալիս լավ մտածել և համեմատել Հայաստանում առկա դժվարություններն ու այն խոչընդոտները, որոնց արտագաղթողները հանդիպում են դրսում «ադապտացիոն շրջանում»։

«Այն երկրներում, որտեղ իշխանությունը խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչների ձեռքում է, այլ բան սպասել հնարավոր չէ»,– հայտարարեց ազգագրագետ Հարություն Մարությանը՝ ավելացնելով, որ նման իշխանության ընդունած որոշումներն էլ իրենց բնորոշ են լինում։ «Մեր կառավարող կուսակցությունը տիպիկ խոշոր բուրժուազիայի կուսակցություն է, այնտեղ հավաքված են հենց այդպիսի մարդիկ, ազգայնական գաղափարները նրանց ընդամենը արտաքին քողն է»,– ասաց Մարությանը՝ արձագանքելով բացօթյա առևտուրն արգելելու մասին քաղաքապետի որոշմանը։

Ազգագրագետը համոզված է, որ արտագաղթի պատճառները ոչ այնքան սոցիալ–տնտեսական խնդիրների, որքան բարոյական, իրավական և արժեքային համակարգերի հետ են կապված։ Նա ընդունելի համարեց նախագահի կողմից ուղերձով ժողովրդին դիմելու Դևրիկյանի առաջարկը, բայց նշեց, որ նման ուղերձից հետո համակարգային փոփոխություններ կատարելու կոնկրետ քայլեր են հարկավոր, որոնք կատարելու քաղաքական կամքի առնչությամբ ինքը մեծ կասկածներ ունի։

«Խոշոր բուժուազիան պետք է գիտակցի, որ մոտեցել է ռուբիկոնին»,– իշխանություններին դիմեց Մարությանը՝ ավելացնելով, որ ռուբիկոնից այն կողմ հնարավոր է՝ անկանխատեսելի զարգացումներ լինեն։

No comments: