Tuesday, July 5, 2011

Ա.Գրանմայեհ. Թուրքիայի՝ դեպի իսլամ ձգտումը, կարող է խաբուսիկ լինել

Panorama.am. 4-7-2011- Իրանը ունի ամբիցիաներ` միավորել բոլոր իսլամական երկրները, սակայն շատերը չեն հավատում, որ դա կարող է իրականություն դառնալ»,- այսօր «Արաբական հեղափոխությունների ազդեցությունն Իրանի վրա» խորագրով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց «Լոնդոնի Մերձավոր Արևելքի Ինստիտուտի» գիտ. աշխատող, պրոֆեսոր Ալի Գրանմայեհը` անդրադառնալով հարցին՝ արդյոք կա՞ Մերձավոր Արևելքում որևէ մրցակցություն Թուրքիայի և Իրան միջև:
Նա ասաց, որ նույնիսկ Իրանի նախկին նախագահ Մուհամմադ Խաթամին ժամանակին ասում էր, որ Միջին Արևելքի երկրները վախենում են կրոնական դիկտատուրայից: Ա. Գրանմայեհը հավելեց, որ իդեալական կլիներ, եթե ստեղծվեր ժողովրդավարություն:
Անդրադառնալով Թուրքիային` նա ասաց, որ Թուրքիան այսօր կիսաիսլամական պետություն է, որտեղ, ըստ նրա, կա բազմակարծություն և բաց տնտեսություն:
Նա ասաց, որ Իրանը Թուրքիայի հանդեպ որոշակի կասկածներ ունի, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և փորձում է ինտեգրվել «եվրոպական ընտանիքին»:
Միևնույն ժամանակ հավելեց, որ Իրանը ուրախ է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որդեգրել է իսլամական ավանդույթները պահպանելու քաղաքականություն: Սակայն նշեց, որ Թուրքիայի՝ դեպի իսլամ ձգտումը, կարող է խաբուսիկ լինել:
«Այժմ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները շատ նորմալ են: Ինչը պայմանավորված է նրանով, որ 2010թ.-ին Թուրքիան չի միացել Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմանը»:

No comments: