Thursday, July 7, 2011

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Սպահանի հայոց թեմը ինչո՞ւ են լռում Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքից թալանված սրբապատկերների մասին

Սպահանի ՀԹ առաջնորդարանը հաստատում է թալանված սրբապատկերների լուրը
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 07.07.2011: Ըստ հայաստանյան լրատվամիջոցների, հունիսի 12-ին, Լոնդոնում, երկու անհայտ հայ անձինք փորձել են վաճառքի հանել հայկական թանգարանային հինգ սրբապատկերներ՝
ա- «Սուրբ թաղումն Տիառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», Սարգիս Բիծակ, 1329թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16 * 23 սմ.
բ- «Վերնայտուն», (Ոտնալվա) Կիրակոս Սյունեցի, 1300թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16 * 23 սմ.
գ- «Հոգիգալուստ», Կիրակոս Սյունեցի, 1330թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16 * 23 սմ.
դ- «Ավետարանիչ», Սարգիս Աբեղա, 1600թ. թղթի վրա, չափսը՝ 18 * 25 սմ.
ե- «Ավետարանիչ», Հակոբ Ջուղայեցի, 1607թ. թղթի վրա, չափսը՝ 18 * 25 սմ.
ու նաև, կտավի վրա, երկու յուղաներկ նկարչություններ:

Հարցի մանրամասը պարզելու համար, թերթիս խմբագրությունը կապ հաստատեց Սպահանի հայոց թեմի առաջնորդարանի հետ, մեր հարցումին ի պատասխան առաջնորդարանի գրասենյակի պատասխանատու Բարթուխ Բաղումյանը հաստատելով սրբապատկերների թալանի լուրն ասաց. «Այո, լուրը ճիշտ է, հաստատում ենք»:
Բաղումյանն, իհարկե, չկարողացավ հստակեցնել յուղաներկ նկարչությունների պարագան. «Դրանց մասին դեռ հստակ բան չենք կարող ասել» եւ ավելացրեց նաեւ, որ հարցը հետեւում են եւ, ի զարմանս մեզ, շեշտեց, որ «անպայման սրբաապատկերները վերդարձվելու են»:

Նկատի ունենալով, որ սա քանիերորդ անգամն է ինչ թալանի է ենթարկվում Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանը, հարց է առաջանում.
- Ինչո՞ւ, երեք շաբաթ դեպքից հետո, լուրի մասին դեռ լուռ են մնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Սպահանի հայոց թեմի առաջնորդարանը, հակառակ նրան որ հունիսի 13-ին արդեն իսկ իրենց տեղեկացվել էր այդ մասին: Չէ որ լռությունն ինքնին թալանին մեղսակցել է նշանակում:
- Արդյո՞ք ոստիկանությունն հարցից տեղյակ է: Իսկ եթե ոչ, ինչո՞ւ:
- Քանի՞ թանգարանային նմուշ է թալանվել Վանքից, եթե իհարկե դա հայտնի է Սպահանի ՀԹ պատասխանատուներին:

No comments: