Saturday, July 23, 2011

Ով կլինի նախագահի թեկնածու

«Լրագիր» 23-7-2011- Արդյոք Հայ Ազգային կոնգրեսը եւ իշխանությունը կպայմանավորվեն արտահերթ ընտրության շուրջ: Համենայնդեպս, իշխանության ներկայացուցիչներն էլ արդեն դա չեն բացառում: Ընդ որում, թե խորհրդարանի, թե նախագահի արտահերթ ընտրության: Այս վերջինի պարագայում բավական հետաքրքիր իրավիճակ կարող է ձեւավորվել: Բանն այն է, որ իր հարցազրույցներից մեկում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ նախագահի նոր ընտրությանը Լեւոն Տեր-Պետրոսյանն անպայման կդնի իր թեկնածությունը եւ կհաղթի, եթե նրա մրցակիցը լինի Ռոբերտ Քոչարյանը: Իսկ եթե լինի այլ թեկնածու, ապա խնդիրը կբարդանա: Նա չէր մասնրամասնել սակայն, թե ինչ իմաստով կբարդանա խնդիրը, եւ եթե Քոչարյանը չառաջադրվի, արդյոք ընդհանրապես կառաջադրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում, ըստ մամուլի տեղեկությունների, իր մերձավորների միջոցով տարածում է տեղեկություններ, որ մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն: Եթե հավատանք այս տեղեկությանը, ապա նշանակում է, որ Քոչարյանը նաեւ չի առաջադրվի: Մանավանդ որ, Կոնգրես-իշխանություն երկխոսությունն ու հնարավոր պայմանավորվածություններն ունեն Քոչարյանի “ժառանգությունը” կազմաքանդելու ներուժ:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա հարց է առաջանում` եթե նա առաջադրվի, ինչ ռեսուրս ունի հաղթելու համար: Պետք է արձանագրել, որ նախկին ռեսուրսը` ընտրակեղծիքի մեքենան, համակարգի աջակցությունը եւ այլն, նա փաստացի չունի: Նա չունի նաեւ հանրային աջակցության ռեսուրս: Միակ իրական ռեսուրսը, որքան էլ տարօրինակ հնչի, մնում է Հայ Ազգային կոնգրեսը:
Արդյոք Կոնգրեսը կաջակցի Սերժ Սարգսյանին նախագահի արտահերթ ընտրությանը, եթե Քոչարյանը չառաջադրվի: Արդյոք սա Լեւոն Զուրաբյանի ասած դեպքն է, եւ արդյոք այդ դեպքում Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Ի դեպ, մեր կայքին տված հարցազրույցում Կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը բերել էր Սահակաշվիլիի օրինակը, նշելով, որ Վրաստանի ճգնաժամի պայմաններում Սահակաշվիլին հրաժարական տվեց եւ նշանակեց արտահերթ ընտրություն, եւ կրկին դարձավ նախագահ:
Ներքաղաքական կուլիսներում շատ է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է շատ բան զիջել, այդ թվում եւ խորհրդարանում մեծամասնությունը, եթե Կոնգրեսն աջակցի իրեն նախագահական երկրորդ ժամկետին: Այս խոսակցությունների համար հիմք է այն հարցադրումը, որ եթե պարզ է` ինչ է ուզում իշխանությունից Կոնգրեսը` արտահերթ ընտրություն, ապա առայժմ հասկանալի չէ, թե դրա դիմաց ինչ է ուզում Կոնգրեսից իշխանությունը: Դժվար թե իշխանությունը նստի ու ոչինչ չուզի, կամ պարզապես քննարկի երկրի առջեւ ծառացած խնդիրները, եւ վերջ: Եթե, իհարկե, Կոնգրեսն էլ միայն նստի ու քննարկի, ու ոչինչ չպահանջի իշխանությունից:
Կա իհարկե տեսական հնարավորություն, որ իշխանությունը գիտակցել է իր մեղքերն ու ձախողումները եւ պատրաստ է քննարկել իր “խաղաղ ու անվտանգ” հեռացումը:

No comments: