Saturday, July 23, 2011

Կազարմայում թող քրտնեն ռուսները

«Լրագիր» 22-7-2011- Այսօր եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է ակտիվ մասնակցել ղարաբաղյան կարգավորմանը: Ճիշտ է, նա նշել է, որ դա կլինի այն բանից հետո, երբ կողմերը հասնեն համաձայնության:

Դա նշանակում է, որ “իրավաբանորեն ոչ պարտադիր” բազային սկզբունքների ստորագրման սպասումներում, Եվրոպան հող է նախապատրաստում տարածաշրջան մտնելու համար: Սակայն նրա ներկայությունը լինելու է ոչ թե ռազմա-“խաղաղարար, այլ սոցիալ-տնտեսական: Շտեֆան Ֆյուլեն խոսել է հենց նման միջոցների փաթեթի մասին, հաղորդակցությունների վերականգնման եւ հասարակությունների հետ աշխատանքի մասին:
Ռուսաստանն, իր հերթին, նույնպես պատրաստվում է “գրոհի”, սակայն ակնհայտորեն ռազմական ու “գործակալական” մակարդակով: Ռուսաստանցի զանազան փորձագետներն արդեն պնդում են, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը “կարվել են: հենց Ղարաբաղի վրայով, եւ հենց նրանց վրա կարող է դրվել “խաղաղարար” գործառույթը:

Ճիշտ է, կա կարծիք, որ ԱՄՆ երբեք թույլ չի տա Ռուսաստանի միակողմանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում, սակայն ով է ասել, թե ԱՄՆ չի կարող իր համար կարեւոր տեղում տեղաբաշխել շարժական հրամանատարական կետ, որը կարող է վերահսկել ողջ իրավիճակը: Առավել եւս, որ ԱՄՆ “կենդանի հետեւակի” մարտավարությունից անցնում են ավելի տեխնոլոգիական միջոցների, ասենք` Ստեփանակերտի նոր օդանավակայանի օգտագործումը, որը վերակառուցվել է ավելի խոշոր ինքնաթիռներ ընդունելու համար (այն կարող է օգտագործվել Աֆղանստան բեռների տեղափոխման համար): Իսկ կազարմաներում թող քրտնեն ռուսները:
Այսպիսով, չի բացառվում, որ համանախագահների միջեւ ոչ մեծ գործարք է կայացել գործառույթների բաժանման վերաբերյալ` Ռուսաստանին` զինվորական սապոգներ ու “գործակալներ”, Եվրոպային` հաղորդակցություններ, իսկ ԱՄՆ-ին` օդանավակայան:

Սակայն, ամենագլխավորը` այս ամենը կարող է իրականություն դառնալ մինչ վերջնական կարգավորումը, սկզբունքների ստորագրումից անմիջապես հետո: Համենայնդեպս, երեւի հենց դա են համոզում ներկայում Հայաստանին` ստորագրել ոչինչ չպարտադրող սկզբունքներ առանց ստատուս-քվոյի փոփոխության: Եւ հարցն այն է, թե ով ինչպես է հասկանում ստատուս-քվոն:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: