Monday, July 25, 2011

Իսրայելի արտգործնախարար.«Ներողություն խնդրել Թուրքիայից նշանակում է դավաճանել ՑԱՀԱԼ-ի զինվորներին»

Panorama.am. 25-7-2011- «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության նախարարների խորհրդակցության ընթացքում փոխվարչապետ, արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է. «Անընդունելի է, որ Իսրայելը ներողություն խնդրի Թուրքիայից»:
Այս մասին հաղորդում է «Zman.com» լրատվական կայքը:
Լիբերմանը խիստ քննադատության է ենթարկել նման քայլի կողմնակիցների հիմնավորումները, որոնք պնդում են, թե ներողություն խնդրելու իրենց պատրաստակամությունը թելադրված է բանակի զինծառայողների մասին հոգածությամբ:
Արտգործնախարարի խոսքերով` «իրավական դիտակետերի օգտագործումը, որպես Թուրքիայից ներողություն խնդրելու պատճառաբանություն, վկայում է քաղաքական ղեկավարության ճնշմանը և անպատասխանատվությանը դիմակայելու անընդունակության մասին: Սա ոչ թե իրավական, այլ պետական հարց է, ոչ թե պաշտպանություն, այլ դավճանություն է ՑԱՀԱԼ-ի զինվորների հանդեպ: Ներողությունը պարտություն է մարտի դաշտում և պետական հարթակում, թուլության և շփոթվածության վկայություն»:
Հիշեցնենք, որ 2010 թ-ի մայիսի 31-ին Իսրայելի զինված ուժերն արգելել են մարդասիրական բեռներ փոխադրող նավատորմին մոտենալ Գազայի ափերին: Զինվորականների գործողությունների արդյունքում շարասյան կազմում գտնվող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա Թուրքիայի 8 և ազգությամբ թուրք ԱՄՆ մեկ քաղաքացի է սպանվել: Այս դեպքերից հետո կտրուկ սրվել են թուրք-իսրայելական հարաբերությունները, և թուրքական կողմը պահանջում է, պաշտոնական Թել Ավիվի ներողությունը:

No comments: