Monday, July 25, 2011

Իրանի հայկական հուշարձանները պետական հոգածության ներքո են՝ չնայած գանձախուզության չարիքին. հուշարձանագետ

Tert.am. 25-7-2011- Հայկական հուշարձաններն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հունիսի 10-ից հուլիսի 10-ը եղել է Իրանում, որտեղ ուսումնասիրել է հայկական հուշարձաններն ու բերդերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կարապետյանը ներկայացրեց իր այցի մանրամասները:
Կարապետյանի խոսքով՝ Իրանի տարբեր ծայրերում կան թե պատմական, թե նոր ձևավորված գաղթավայրեր: Իրենք այցելել են պատմական Հայաստանի մաս կազմող հինգ հայաստանյան գավառներ՝ Պարսպատունիք կամ Ղարադաղ, Արտազ գավառ, որը հիմա համապատասխանում է Մակուին, պատմական Հայաստանի Հեր գավառ, որ հիմա Խոյ է կոչվում, դրանից հարավ պատմական Զարեվանդ գավառ, որ հիմա կոչվում է Սալմաստ: Հինգերորդ գավառը, որտեղ չի հասցրել լինել խումբը, Ուրմիան է՝ Կապուտանը: «Չորս գավառներում ենք եղել: Հուշարձանների խտությունն ու բազմազանությունը նույնն է, ինչ որ ներկայիս Հայաստանի, Ղարաբաղի կամ Արևմտյան Հայաստանի հետ բաղդատենք»,- հայտարարեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ տարածքը գրեթե հայաթափ էր, և իրենք միայն Սալմաստ քաղաքում են հայերի հանդիպել:
Սալմաստը մինչև 40-50-ական թվականները, հուշարձանագետի խոսքով, հայաբնակ է եղել: Սալմաստում իրենք տեսել են հայկական տապանաքարեր, եկեղեցիներ, որոնք նորոգված են մինչև 30-40-ական թվականները: «Շատ տպավորիչ էր Մահլամ գյուղի գերեզմանոցը, որի մի եզրը հայ ֆիդայիների գերեզմանն էր»,- ասաց Կարապետյանը՝ պատմելով, որ գերեզմանոցում ամփոփված են ինը գլխատված ֆիդայիններ, որոնց մարմինները գտել և այդ վայրում է թաղել Խաչիկ վարդապետ Դադյանը: «Այդ պանթեոնն իսկապես շատ աղդեցիկ էր»,- նշեց նա: Տարածաշրջանում, ինչպես նշեց Կարապետյանը, կան կանգուն եկեղեցիներ, բավական լավ պահպանված բերդեր: Տարածաշրջանը հատկապես հարուստ է Վանի թագավորության շրջանից մնացած բերդերով է:
«Ամեն տեղ, ընդհանուր առմամբ, առկա էր պետական հովանավորությունը»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը՝ ավելացնելով, որ Իրանում գտնվող հուշարձանները հիմնականում պարսպապատված են, որ անասուն կամ որևէ մեկը չմտնի. հուշարձանները բաց փակիչով են, որ մարդիկ կարողանան այցելել: «Որոշ տեղեր ականատեսը եղանք գանձախուզության նպատակով կատարված ավերումների: Սա էլ մի չարիք է, որ ամեն տեղ էլ կա, բայց միայն մի երկիր է, որտեղ գանձախուզությունը հովանավորված է. Թուրքիան է»,- ասաց նա:
«Ընդհանուր առմամբ կա նպատակ հուշարձանները լավ պահելու. որոշ շենքեր՝ այդ թվում կամուրջներ, մելիքական ապարանքներ, արդեն վերականգնվել են: Որոշ եկեղեցիներ ճիշտ չեն վերականգնվել՝ ծածկերի իմաստով, բայց տեսնում ենք, որ միտում չկա: Ընդհանուր առմամբ՝ ամեն տեղ տեսնում ենք պետական հոգածություն»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը: Հուշարձանների քանակի մասին նա չկարողացավ հստակ տվյալ ասել, բայց տեղեկացրեց, որ խոսքը հազարների մասին է: Կարապետյանը նշեց, որ իրենք վերադարձել են մոտ վեց հազար լուսանկարով: Իրենց լուսանկարահանումներն ու տեսանկարահանումները, հուշարձանագետի խոսքով, դառնում են ալբոմներ և ֆիլմեր:
Սամվել Կարապետյանի տեղեկացմամբ՝ Իրանի հայկական հուշարձաններըն ուսումնասիրվել են անցած դարի վաթսունականներին, սակայն հետո դա դադարեցվել է: Երկար ընդմիջումից հետո առաջին անգամ Իրանում գտնվող հուշարձանների ուսումնասիրությունը կատարվել է պետական աջակցությամբ: Իրանի հուշարձանների ուսումնասիրության աշխատանքները, Կարապետյանի խոսքով, իրականացվում են Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանի՝ ի դեմս թանգարանի տնօրեն Շերլի Ավետյանի հետ համատեղ:

No comments: