Monday, July 25, 2011

Նորվեգացի մարդասպանը կոչ էր անում ազատագրել հողերը ցեղասպան թուրքերից ու վերադարձնել դրանք հայերին

Tert.am. 25-7-2011- Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում և դրանից ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում Անդրես Բերինգ Բրեյվիկի իրականացրած հարձակումից հետո իրավապահները նրա բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերել են 1518 էջանոց մի փաստաթուղթ, որը Բրեյվիկն անվանել է «Եվրոպայի անկախության մանիֆեստ – 2083»։
Այդ «մանիֆեստում» Բրեյվիկն անդրադարձել է նաև Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի, Հայոց ցեղասպանության ճարտարապետներ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաների՝ հայ ժողովրդի դեմ իրականացրած ջարդերին, հայերի բռնի տեղահանությանը, էթնիկական զտումներին, այդ ամենի արդյունքում հայ ժողովրդի կորցրած պատմական հայրենիքին՝ Արևմտյան Հայաստանին, թուրքերի՝ ազգային փոքրամասնություններին իսպառ ոչնչացնելու քաղաքականությանը, Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ծավալած գործունեությանը, ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, Կիպրական հիմնախնդրին և Սևրի պայմանագրին։
«Պատմության ընթացքում թուրքերը միլիոնավոր քրիստոնյաների են կոտորել, հարյուր հազարավորների բռնի կերպով իսլամացրել են… Թուրքն աշխարհի ամենացեղասպան ազգերից է։ Այդ ազգը ցեղասպանություն է իրականացրել հայ, հույն և ասորի ժողովուրդների դեմ»,– գրել է Բրյեվիկը։
Խոսելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության մասին՝ Բրեյվիկը նշում է. «Էրդողանը փորձում է Թուրքիան իսլամացնել, այն ղեկավարել շարիաթի օրենքներով և վերադառնալ օսմանյան անցյալին»։
Կտրականապես դեմ հանդես գալով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը՝ Բրեյվիկն ընդգծում է, որ աջակցել այդ գործընթացին՝ նշանակում է աջակցել ջիհադին։
«Ինչո՞ւ հարաբերություններ հաստատել մի երկրի հետ, որը ցանկնում է վերացնել մեզ»,– գրում է Բրեյվիկը՝ նշելով, որ Թուրքիային անհրաժեշտ է վռնդել նաև ՆԱՏՕ–ից։
«Եթե ԱՄՆ–ն Թուրքիային և Ալբանիային վռնդի ՆԱՏՕ–ից, ապա Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է շարունակել իր գոյությունը»,– նշում է Բրեյվիկը։
«Եվրոպայի տարածքային պահանջները» ենթագլխում Բրեյվիկը գրում է, որ հայերին պետք է վերադարձնել նրանց պատմական հայրենիքը։
«Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքը պետք է վերադարձվի Կիպրոսի հույներին, Արևելյան Անատոլիա կոչվածը՝ Հայաստանին, Արևմտյան Անատոլիան՝ Հունաստանին։ Այդ տարածքները նորից քրիստոնեականացնելու համար պետք է պատերազմ սկսել։ Իսկ ռազմական գործողություններից առաջ պետք է վերացնել Պակիստանի միջուկային զենքերը, քանի որ վերջինս դրանք կարող է տրամադրել Թուրքիային»,– նշում է Անդրես Բերինգ Բրեյվիկը։

No comments: