Tuesday, July 5, 2011

Մահափորձ՝ թուրքական ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի դեմ

Tert.am. 5-7-2011- Կիպրոսի թուրքական հատվածում հերթական հարձակումն է իրականացվել ընդդիմադիր հայացքներով և հակաթուրքական հրապարակումներով հայտնի «Աֆրիկա» թերթի խմբագրության դեմ։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրաատվամիջոցները, նախորդ օրը «Աֆրիկա» թերթի խմբագրություն է եկել Թուրքիայի քաղաքացի 26-ամյա Մուստաֆա Յալչընը։ Վերջինս խմբագրությունում տեսակցություն է խնդրել թերթի գլխավոր խմբագիր Շեներ Լևենթի հետ։ Խմբագրության աշխատակից Ալի Օսմանը երիտասարդից խնդրել է նրա այցեքարտը՝ Լևենթին փոխանցելու համար։ Իսկ երբ Մուստաֆա Յալչընը ձեռքը տարել է գրպանը՝ այցեքարտը հանելու համար, թերթի աշխատակիցը նրա մոտ տեսել է ատրճանակ և անմիջապես փակել խմբագրության դուռը։
Երիտասարդն ատրճանակով 13 անգամ կրակել է ընդդիմադիր «Աֆրիկա» թերթի խմբագրության դռան վրա և դիմել փախուստի։ Կարճ ժամանակ անց ոստիկանները ձերբակալել են Մուստաֆա Յալչընին, ում մոտից հայտնաբերվել է չեխական արտադրության ատրճանակ։

Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։
«Աֆրիկա» թերթի խմբագրությունը տեղի ունեցածը որակել է որպես գլխավոր խմբագիր Շեներ Լևենթի դեմ իրականացված անհաջող մահափորձ։
«Աֆրիկա» թերթում շաբաթներ առաջ լույս տեսած մի հրապարակման համաձայն՝ անցած ամիս Մուստաֆա Յալչընը գնացել էր թերթի գլխավոր խմբագիր Շեներ Լևենթի մոտ և խոստովանել, որ իրեն ուղարկել էին սպանելու նրան, սակայն ինքը մտափոխվել է։
«Եթե սպանեի Ձեզ, Թուրքիայում հերոս էի դառնալու»,– ասել էր Յալչընը՝ չնշելով, սակայն, այն մարդկանց անունները, ովքեր իրեն պատվիրել էին սսպանել Շեներ Լևենթին։
Հիշեցնենք, որ «Աֆրիկա» թերթի խմբագրության դեմ առաջին հարձակումն իրականացվել էր այս տարվա փետրվարին։ Անհայտ անձը կամ անձինք կրակել էին խմբագրատան մուտքի դռան վրա և թողնելով սպառնալիքներ բովանդակող մի նամակ՝ հեռացել։

No comments: