Tuesday, July 5, 2011

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ. Առկա տարաձայնությունները չպետք է խանգարեն սկզբունքների ընդունմանը

Panorama.am. 5-7-2011- Կազանի հանդիպումը թեև վերջնական համաձայնություն չկերտեց, բայց առաջընթաց ապահովեց: Այսօր տարածած համատեղ հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման վերաբերյալ նման գնահատական են տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Բեռնար Ֆասիեյի, Ռոբերտ Բրադտկեյի և Իգոր Պոպովի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Կազանում նախագահները քննարկել են հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու հետագա քայլերը. «Թեև կողմերը Կազանում հիմնարար սկզբունքների հարցում վերջնական համաձայնության չհասան, սակայն գրանցվեց առաջընթաց»:
«Կազանի արդյունքները, այդ թվում բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու կողմերի պատրաստակամության վերահաստատումը, ազդակ է, որ կողմերը պետք է օգտագործեն սկզբունքների շուրջ հնարավորինս արագ համաձայնության հասնելու համար»,- նշել են համանախագահներն ու ընդգծել. «Մնացած տարաձայնությունները կողմերին չպետք է խանգարեն հիմնարար սկզբունքների ընդունման և խաղաղ գործընթացի պայմանագրի մշակման փուլին անցնելու համար: Ինչպես նախագահներ Մեդվեդևը, Սարկոզին և Օբաման են ընդգծել մայիսի 26-ի դովիլյան իրենց համատեղ հայտարարության մեջ, հետագա ձգձգումը կասկածի տակ կդնի համաձայնության հասնելու կողմերի պատրաստակամությունը»:

Համանախագահները նաև տեղեկացրել են, որ ծրագրում են մոտակա ժամանակներս խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում և տարածաշրջանային այց կատարել

No comments: