«Օրերս ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների 3-րդ համագումարում, Իլհամ Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել` ասելով, որ «Ադրբեջանը ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով, այդ թվում` բանակի գործոնի կիրառմամբ»: Նա նաև հայտարարել է, որ «Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական տարածքների վրա` Իրևանի և Զանգեզուրի», իսկ «Լեռնային Ղարաբաղ հայերը եկել են որպես հյուր»:
Նման ռազմաշունչ և էքսպանսիոնիստական հայտարարությունները մի պետության ղեկավարի կողմից, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել` համաձայնելով արցախյան հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով և առանց ուժի ու դրա սպառնալիքի կիրառման, բացի նրանից, որ այլևս ոչ մի պատրանք չեն թողնում ՄԽ հեղինակության, գործունակության և Բաքվի իրական մտադրությունների վերաբերյալ, նաև հայկական կողմին ազատում են կաշկանդող որևէ հանգամանքից` սկսելու համար ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը:
«Ժառանգությունը» կոչ է անում Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանություններին` անմիջապես և համագործակցաբար ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ազատագրված և նրան վերամիավորված տարածքների զանգվածային վերաբնակեցման գործընթացին: Հատկապես` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բազմաթիվ են ընտանիքները, այդ թվում` նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքից մազապուրծ փախստականներ, ովքեր չկարողանալով վաստակել ապրուստի միջոցներ, զանգվածաբար` երբեմն գրեթե ամբողջ գյուղերով, հեռանում են Հայաստանից:
Նրանց համար պետք է ապահովել բարենպաստ պայմաններ ազատագրված տարածքներում` ստեղծել ենթակառույցներ, տրամադրել անասուններ, գյուղատնտեսական տեխնիկա և մեծ հողակտորներ, անգամ եթե դրա համար կարիք կա, վերաբաշխել նորաթուխ «լատիֆունդիստների» տնօրինության տակ հայտնված տասնյակ քառակուսի կիլոմետրանոց հողակտորները: Ընդ որում` անհրաժեշտ է իրականացնել տարեկան առնվազն 10 հազար հոգու վերաբնակեցում:
Մենք միաժամանակ հորդորում ենք ադրբեջանական կողմից ստորագրված փաստաթղթերի որևէ դրույթի հերթական խախտման` այդ թվում ռազմատենչ հայտարարությունների (ուժի կիրառման սպառնալիքի) հնչեցման, շփման գծում դիպուկահարների գործողությունների դեպքում` էլ ավելի արագացնել վերաբնակեցման գործընթացը: Այսօրինակ գործողությունները, որոնք չեն խախտում հայկական կողմերի ստանձնած որևէ գրավոր պարտավորություն, լավագույն միջոց են տարածաշրջանում Բաքվի կողմից լարվածության սրմանը միտված քայլերը չեզոքացնելու համար»:
No comments:
Post a Comment