Tuesday, July 26, 2011

Իրանի գլխավոր դատախազը հերքել է Ահմադինեժադի տեղակալի ձերբակալության մասին լուրը

Panorama.am. 25-7-2011- Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային ո'չ ձերբակալվել է, ո'չ էլ նրա նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է կիրառվել:
Այդ մասին, իրանական «Ջահան» լրատվական գործակալության հաղորդմամբ, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեյին:
Հիշեցնենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը ս.թ. մայիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Իրանի արդարադատության վարչական դատարանը վճիռով` Մահմուդ Ահմադինեժադի տեղակալ Համիդ Բաղային 4 տարի ժամկետով զրկվում է պետական ծառայություն իրականացնելու իրավունքից: Աղբյուրը նշում է, որ Համիդ Բաղային, ով մինչ այդ զբաղեցնում էր ԻԻՀ Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության նախագահի պաշտոնը, իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ խախտումներ է կատարել:
Նկատենք, որ Իրանի նախագահի տեղակալը 2010 թ. օգոստոսի 25-ին ելույթ ունենալով «Իրան. Հաղթանակի կամուրջ» համաժողովում, խոսել էր երկրորդ աշխարհամարտի արդյունքում Իրանին պատճառված վնասի հարցը միջազգային հանրության առջև բարձրացնելու անհրաժեշտության մասին և այդ համատեքստում օրինակ էր բերել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի ցուցաբերած հետևողականությունը:

No comments: