Monday, July 25, 2011

ԱՄՆ ճնշում է Թուրքիային

«Լրագիր» 25-7-2011- ԱՄՆ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ձախողեցին Ղարաբաղի շուրջ բանակցությունները, գրում է թուրքական Հյուրիյեթ թերթը, հղում կատարելով ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությանը:
Հուլիսի 16-ին Անկարա այցելած Հիլարի Քլինթոնը մասնավորապես հայտարարել է, “Կարգավորման ճիշտ ժամանակն է: Հրաշալի կլինի, եթե գործընթացին թափ հաղորդելուն ուղղված որոշ գործողություններ կատարվեն”:
Արդեն իսկ սկսվել են վստահության կառուցմանն ուղղված միջոցառումներ: Դրանցից մեկն էլ Վան-Երեւան չվերթի հնարավոր մեկնարկն է: Վանի առեւտրի պալատի անդամներից Աբդուլլահ Թունջդեմիրը հայտնել է հայկական մամուլին, որ եթե Վանի օդանավակայանը վերակառուցվի միջազգային ստանդարտներին համապատասխան, ապա չվերթը կսկսվի սեպտեմբերի 11-ից: Մեկ այլ ծրագրի համաձայն, նախատեսվում է Թուրքական ավիաուղիների գրասենյակ բացել Երեւանում, որը Հայաստան-ԱՄՆ չվերթներ կիրականացնի Ստամբուլով:
Ի դեպ, Վանի եւ Երեւանի միջեւ չվերթի հնարավորության առթիվ հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ-ը: Խոսնակ Էլման Աբդուլլաեւը ասել է, որ իրենք չեն միջամտում երկու երկրների հարցերին, սակայն իրենց իրավունք են վերապահում արձագանքել մի իրադարձության, որը ոտնձգություն է Ադրբեջանի ազգային շահերի նկատմամբ: Ադրբեջանի արտգործնախարարությունը հետեւում է զարգացումներին, եւ կարձագանքի ըստ ապագա սցենարի, գրում է Հյուրրիյեթը:

No comments: