Saturday, July 23, 2011

Փորձագետ. Անկարան կրկին «արդուկում է» միջազգային հանրության ուղեղը

News.am. 23-7-2011- Թուրքական լրատվամիջոցներում Երեւանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանում «Թուրքական ավիաուղիների» գրասենյակի բացման մասին տարածված լուրերը Թուրքիայի ԱԳ նախարարության PR ակցիաներից են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա խորհուրդ տվեց այս հայտարարությունները դիտարկել Անկարայի՝ միջազգային հանրության աչքերին «թոզ փչելու» համատեքստում, մանավանդ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի՝ Թուրքիա կատարած այցից հետո, ով ուշադրություն հրավիրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության վրա։
«Առաջին հերթին, քիչ հավանական է, որ Հայաստանում «Թուրքական ավիաուղիների» գրասենյակ բացվի կամ Երեւան-Վան չվերթեր իրականացվեն, սակայն եթե անգամ նման բան լինի, այդ քայլերը դժվար թե նպաստեն հայ-թուրքական հարաբերությունների գլոբալ կարգավորմանը, քանի որ Անկարան նման ձգտում չունի»,- նկատեց փորձագետը՝ ավելացնելով, որ Թուրքիան Իրանում, Սիրիայում եւ Իսրայելում ավելի կարեւոր շահեր ունի։
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին կարող է կայանալ Երեւան-Վան առաջին ուղիղ չվերթը։ Այս մասին հուլիսի 22-ին Երեւանում հայտարարել է Վանի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդի ղեկավար Աբդուլլա Թյունջդեմիրը։

No comments: