Wednesday, August 10, 2011

Այս տարի ԱՄՆ-ում ձերբակալվել է ՀՀ 151 քաղաքացի

Tert.am. 10-8-2011- Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն օգոստոսի 8-ին հերթական այցելությունն է կատարել Լոս Անջելեսի մարզի կալանավայրերից մեկը:
Գլխավոր հյուպատոսը հանդիպել է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց հետ, ովքեր տարբեր պատժաչափով գտնվում են ազատազրկման վայրում: Գրիգոր Հովհաննիսյանը ծանոթացել է հայ կալանավորների կեցության պայմաններին, կալանավորների հետ զրուցել նրանց իրավունքների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը առնչվող հարցերի մասին:
Գլխավոր հյուպատոսին ուղեկցել է Հայ Առաքելական Եկեղեցու ավագ սարկավագ Րաֆֆի Օհաննեսը, որը պարբերաբար այցելում է ամերիկյան ազատազրկման վայրերում գտնվող հայ քաղաքացիներին:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, ամերիկյան բանտերում հայաստանցի կալանավորների մեծ թվի մասին վերջերս շրջանառվող խոսակցությունների համատեքստում, Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ ներկայացվող թվերը պաշտոնական տվյալներ չեն և խիստ ուռճացված են: Ամերիկյան իրավասու մարմինների կողմից ՀՀ գլխավոր հյուպատոսություն ներկայացված տվյալների համաձայն` 2011թ. առաջին կեսի ընթացքում ձերբակալվել է 151 Հայաստանի քաղաքացի: Ընդ որում, նրանց չնչին տոկոսն է դատապարտվել ազատազրկման:
Ամերիկյան իրավասու մարմիններից ստացած տեղեկությունների համադրությամբ` Լոս Անջելեսի մարզի բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը չի գերազանցում 1000-ը:
Վերջին շրջանում, սակայն, նկատվում է ԱՄՆ-ում գտնվելու արտոնագրի ժամկետը խախտող և երկրից վտարվող ՀՀ քաղաքացիների թվի աճ: 2011 թ.-ին ԱՄՆ պատկան մարմինները Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են դիմել 50 ՀՀ քաղաքացու վտարման հարցով:

No comments: