Wednesday, August 10, 2011

«Hurriyet Daily News»: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը զգալիորեն թուլացել են եւ վտանգ չեն ներկայացնում Մոսկվայի համար

News.am. 10-8-2011- NEWS.am-ը ներկայացնում է Էլխան Նուրիեւի հոդվածը` հրապարակված թուրքական «Hurriyet Daily News and Economic Review» պարբերականում:
Վերջին տարիներին շատ են քննարկումները հետխորհրդային տարածքի ապագայի մասին: Արեւմտյան քաղաքական գործիչներն ու գիտնականները հաճախ բարձրացնում են հետաքրքիր, բայց զգայուն հարցեր, որոնք վերաբերում են իրավահավասար ազգերի համագործակցության առանձին տարածաշրջան դառնալու, կամ մեծ տերությունների կցորդ լինելու հեռանկարի հավանականությանը:
Հստակ է, որ ԱՊՀ-ն այժմ մի քանի գործոնների պատճառով ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի: Այդ գործոններն են ժողովրդավարության ձգտող երկրները, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները, սեւծովյան եւ կասպիական տարածաշրջանների խողովակաշարային քաղաքականությունը:
ԱՊՀ-ն հսկայական աշխարհագրական տարածք է, որտեղ Ռուսաստանը ամենահզոր խաղացողն է եւ նախկինի նման հետխորհրդային տարածքը համարում է իր արտոնյալ շահերի գոտին: Թեեւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ն դարձավ միակ գլոբալ գերտերությունը, սակայն այժմ աշխարհն անցնում է բազմակենտրոն միջազգային հարաբերությունների:

Անվտանգության հետխորհրդային համակարգում գլխավոր տերություններն են Ռուսաստանը, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն: Հավասարակշռված բազմաբեւեռային համակարգն ավելի կայուն է, քանի որ ոչ մի տերություն այդքան հզոր չէ տարածաշրջանային հեգեմոն դառնալու համար:

Ռուսաստանի հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցները` ԱՄՆ-ն ու Եվրամիությունը զգալիորեն թուլացել են եւ ոչ մի վտանգ չեն ներկայացնում Մոսկվայի համար, որը դառնում է ավելի արդյունավետ միջազգային խաղացող եւ շեշտը դնում է հետխորհրդային տարածքում գերիշխանության հասնելու վրա: Արեւմտյան ժողովրդավարություններն այսօր այնքան միասնական չեն, որքան Սառը պատերազմի տարիներին: Բազմաթիվ տարաձայնություններ կան Եվրամիության ներսում, հատկապես, ԱՄՆ-ի հետ եւ առանց ԱՄՆ-ի հաղթելու ցանկացողների միջեւ: ՆԱՏՕ-ում նույնպես կան տարաձայնություններ` կապված եվրոպական գործերի նկատմամբ Ռուսաստանի մոտեցնումների հետ:

Մինչդեռ Թուրքիան ու Իրանն ավելի մեծ հաջողությամբ սեփական շահերն են հետապնդում հետախորհրդային տարածքի հարավում: Երկու երկրներն էլ Ռուսաստանի հետ ունեն աճող տարածաշրջանային փոխադարձ կախվածություն, ինչը նաեւ արեւմտյան քաղականության հետ ունեցած բացասական փորձի արդյունք է:

Անկարան ու Թեհրանն ավելի են մերձենում Մոսկվայի հետ եւ դիտարկում են մերձակա տարածքների զարգացման հնարավորությունները: Թուրքիան ու Իրանը փորձում են հավասարկշռվել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ եւ այս տարածաշրջանում ընկալվում են որպես առանձին հավասարակշռողներ: Այս սցենարի համատեքստում ճիշտ կլինի ասել, որ հետխորհրդային տարածքը գտնվում է հավասարակշիռ բազմաբեւեռային վիճակում:

Այդուամենայնիվ, այդ բալանսը փխրուն է, քանի որ մի շարք հետխորհրդային երկրներ մտավախություն ունեն, որ Ռուսաստանի հեգեմոնիայի հետագա խորացման դեպքում Եվրամիությունն ու ԱՄՆ-ն օգնության չեն հասնի:

Բրյուսելյան փորձագետի հետ քննարկումը ցույց տվեց, որ համերաշխության եւ բանական ղեկավարության բացակայության պատճառով Եվրամիությունը պարալիզացված է: Վաշինգտոնում տեղի ունեցած մասնավոր զրույցի ժամանակ ԱՄՆ վարչակազմի խորհրդականն ընդգծեց, որ Եվրամիությունը պետք է պատասխանատվություն վերցնի իր հարակից տարածքների համար: Դա վկայում է, որ Օբամայի վարչակազմն այդքան էլ սեւեռված չէ Եվրամիության արեւելյան ծայրամասերի, մասնավորապես, սեւծովյան-կասպիական ավազանի վրա:

Այժմ հիմնական հարցն այն է, թե որքան տեւական կլինի ապագայում ԱՄՆ-ի քաղաքականության մաքսիմիզացիան: Վաշինգտոնը կարող է ավելի ակտիվ մասնակցել հետխորհրդային տարածքի գործերին: Այդ մասնակցությունն ավելի արդյունավետ կլինի, եթե Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ոչ թե մրցակցեն, այլ` համագործակցեն հետխորհրդային տարածքում:

Բացի այդ, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կարող են հավասարակշռել Ռուսաստանի ազդեցությունը տնտեսական, ռազմական եւ անվտանգության հարթություններում: 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմը եւ հետագա զարգացումներն ԱՊՀ երկրներում ցույց տվեցին, որ Ռուսաստանը բավական հզոր է եւ կարող է գործել տարածաշրջանային հեգեմոնի կարգավիճակում:

Հաշվռի առնելով այն, որ հետխորհրդային տարածքը շատ ավելի անկայուն է` հավասարակշռված բազմաբեւեռությունը կարող է վերաճել անկայունի, որը հատկապես վտանգավոր է տարածաշրջանային անվտանգության բացակայության պատճառով:

Առաջիկա տարիների հիմնական մարտահրավերը կլինի հետխորհրդային տարածքների հակամարտությունների լուծումն ու առավել սերտ ինտեգրացիային անցնելը: Այդ լրջագույն խնդրի լուծումը պետք է ունենա ազգային, տարածաշրջանային եւ միջազգային ընդգրկում: Երկարաժամկետ խաղաղությունն ու անվտանգությունը չեն կարող հաստատվել այս կամ այն տարածաշրջանային տերության հետ դաշինք կնքելով: Անհրաժեշտ է համալիր, համակարգված եւ հաշվենկատ մոտեցում, որը հաշվի կառնի նորանկախ պետությունների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության ընդհանուր շահերը:

No comments: