Thursday, August 11, 2011

Իրաքն Ադրբեջանից հետ է պահանջում 80-ականներին Բաքու ուղարկված ռազմական օդանավերը

News.am. 11-8-2011- 2010 թ. վերջից սկսած Իրաքի իշխանությունները սկսել են լրջորեն հետաքրքրվել վերանորոգման նպատակով 80-ականներին Բաքու ուղարկված ռազմական օդանավերի ճակատագրով, հաղորդում է ադրբեջական «Մուսավաթ» լրատվականը:
Աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրաքյան կողմը հայտնել է, որ իրենք ցանկանում են հետ վերադարձնել Սադամ Հուսեյնի կառավարման ընթացքում Սերբիա, Իտալիա, Ռուսաստան, Ուկրաինա եւ Չինաստան ուղարկված ռազմական օդանավերը, նավերը, զրահատանկային տեխնիկան: Իր հերթին ադրբեջանական կողմը հայտնել է, որ անտեղյակ է խորհրդային շրջանում ուղարկված օանավերի ճակատագրից, ուստի դրանց համար պատասխանատու է ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանը:
Բացի այդ, հավելել են, որ օդանավերի մի մասը 1992 թ. Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի «ջենտլմենյան համաձայնությամբ» ադրբեջանական կողմը վերանորոգելուց հետո կիրառել է ղարաբաղյան պատերազմի ընթացքում, սակայն, տարածքները լքելու ժամանակ, դրանք, ամենայն հավանականությամբ, անցել են հայկական կողմի վերահսկողության տակ, հաղորդում է «Մուսավաթ»-ը:
Նշենք, որ դեռ խորհրդային շրջանից Ադրբեջանի եւ Իրաքի միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել մոդեռնիզացման եւ վերանորգման համար Բաքու բերվող օդանավերի վերաբերյալ: Իրաքն այժմ պահանջում է հետ վերադարձնել 22 տարի առաջ` 1989 թ., ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի Նասոսնի (ներկայիս` Հաջը Զեյնալաբդին Թաղիեւ) ավանում տեղակայված Ավիացիայի վերանորագման գործարան ուղարկված օդանավերը: ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում վերոնշյալ գործարանի վերանորոգմանն են հանձնվել Իրաքին պատկանող «MiQ-21» եւ «MiQ-23» մակնիշի մի շարք օդանավեր:

No comments: