Thursday, August 11, 2011

Կազանյան հանդիպումը ձախողած Բաքվում հայտարարում են Ղարաբաղի վերաբերյալ «կողմերի դիրքերի մերձեցման» մասին

PanARMENIAN.Net - 10 օգոստոսի 2011 - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Մամեդովը հայտնել է այն մասին, որ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացված հանդիպումների և բանակցությունների ընթացքում «հակամարտության կողմերի դիրքերը մոտեցել են Մադրիդյան սկզբունքների համաձայն մի շարք հարցերի շուրջ»: Ինչպես նշել է Նովրուզ Մամեդովը, բանակցություններն անհրաժեշտ է շարունակել, հաղորդում է Aze.az-ը:
Մեդվեդև-Ալիև հանդիպումը կայացել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ օգոստոսի 9-ին Սոչիում: Հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, թե «կցանկանայի, որ մեր խոսակցությունը շատ անկեղծ լինի՝ ի՞նչ անել հետագայում , ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները` հաշվի առնելով Կազանի վերջին եռակողմ հանդիպումն ու առաջիկա հանդիպումները»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Դմիտրի Մեդվեդևը, հավանաբար, կհանդիպի Ղազախստանում օգոստոսի 12-ին՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ:
ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին:

No comments: