Thursday, October 6, 2011

Մարտի 1-ի էջը մնաց

«Լրագիր» 6-10-2011- ԵԽԽՎ-ում հոկտեմբերի 5-ին, 40 կողմ եւ 3 դեմ ձայներով ընդունվել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւը:
Բանաձեւի վերջնական տարբերակում փոփոխվել է 11-րդ կետը: Նախնական տարբերակում 11-րդ կետում ասվում էր, որ «Վեհաժողովը գտնում է, որ Հայաստանում հայտարարված համաներման, 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությանը նոր ազդակ հաղորդելու, ընդդիմության ու իշխանության միջեւ երկխոսություն սկսելու արդյունքում կարելի է 2008-ի իրադարձությունների էջը փակված համարել»:
Միաժամանակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանը, առաջարկել են ընդհանրապես հանել այդ կետը, ինչին առարկել է Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: Նա բանավոր ենթափոփոխություն է ներկայացրել, որով էլ փոխարինվել է 11-րդ կետը:
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, բանաձեւում կատարվել է 5 փոփոխություն: Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ ԵԽԽՎ-ն ողջունում է իշխանությունների եւ բոլոր քաղաքական ուժերի կողմից քաղաքական կամքի դրսեւորումը` խնդիրը ԵԽ չափանիշներին ու առաջարկներին համապատասխան լուծելու համար:
2008 թվականի իրադարձությունների հետեւանքները որոշեցին հստակ առաջնահերթությունները, որոնք արտահայտվում են երկրի ժողովրդավարացման անհրաժեշտությամբ, իրական ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, ժողովրդավարական եւ բազմակարծության վրա հիմնված քաղաքական մթնոլորտի ստեղծմամբ, որը վստահություն կառաջացնի հայ հասարակության մոտ,- ասված է փաստաթղթում:

No comments: